Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» և «Ելք« խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը գործընկերների քննարկմանն է ներկայացրել շուրջ մեկուկես տասնյակ առաջարկ, որոնցից մի քանիսը հետագայում չեն քննարկվի, քանի որ դրանք, ինչպես պարզվել է քննարկման արդյունքում, փոքր-ինչ այլ ձևակերպումներով առկա են ՀՀ ընտրական օրենսգրքում: Որոշներն էլ համընկնում էին «Ելք» և ՀՅԴ խմբակցությունների առաջարկների հետ: Հանձնաժողովի որոշմամբ կընտրվեն և հետագայում քննարկման կներկայացվեն ՀՀ ԱԺ չորս խմբակցությունների այն առաջարկները, որոնք միմյանց չեն կրկնի:
Այսպես՝ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հաջորդ խորհրդարանական ընտրություններն անցկացնել պարզ՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի միջոցով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի մեկ ընդհանուր փակ ցուցակով: Ըստ նրանց՝ գործող օրենսգրքով սահմանված համամասնական ընտրական համակարգն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից և դրա հիմքում իրականում թաքնված է մեծամասնական ընտրակարգը:
«Ծառուկյան» խմբակցության առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ մարզերից կուսակցության համապետական ցուցակում պարտադիր թեկնածուներ ունենալուն: Առաջարկվում է Ընտրական օրենսգրքում սահմանել, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով վեցնյակներում (1-6, 1-12, 1-18, յուրաքանչյուր մարզից մեկական թեկնածու առաջադրելու սկզբունքով և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) ընդգրկվեն՝ վերջին 5 տարում ՀՀ մարզում գրանցված և մշտապես բնակվող թեկնածուներ: Համապետական ընտրական ցուցակում ՀՀ մարզերից թեկնածուների առաջադրման հերթականությունը հաջորդաբար կորոշվի՝ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող մարզից: Համապետական ընտրական ցուցակի առաջին մասից ՀՀ մարզից պատգամավոր ընտրված կամ մանդատից հրաժարված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն առաջարկվում է տալ այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի՝ նույն մարզից ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուին: Եթե համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ՀՀ տվյալ մարզից այլ թեկնածու չկա, ապա մանդատը կտրվի համապետական ցուցակի հաջորդ համարի թեկնածուին:
Խմբակցությունն առաջարկում է նաև հավասար քարոզչական պայմաններ ապահովել զորամասերում և զինվորականների քվեարկության ժամանակ ընտրական տեղամասում արգելել վերադաս սպայի ներկայությունը, քարոզարշավում ընդգրկված աշխատողներին ազատել եկամտահարկից, ընդլայնել նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի ցանկը, արգելել նույն անձի կողմից մեկից ավելի ընտրողներին քվեարկելիս օգնելը: Առաջարկվում է նաև անվավեր համարել այն քվեաթերթիկը, որի վրա կա նշում, կամ ծրարում կա որևէ առարկա:
Մեկ այլ առաջարկով պատգամավորներն առաջարկում են առանձնացնել ընտրական տեղամասերը, եթե նույն շինությունում երկու ընտրատեղամաս է սահմանված:
Խմբակցությունը կարևոր է համարել նաև Հանրային հեռուստառադիոընկերությամբ բանավեճերի անցկացումն ու անվճար րոպեների քանակի ավելացումը հատկապես երեկոյան ժամերին:
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ևս առաջարկել է վերանայել Քրեական օրենսգրքով ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը՝ արարքը ծանրացնելու միջոցով և այլն:
Նախատեսվում է, որ աշխատանքային խմբի հաջորդ նիստին կմասնակցեն ՀՀ կառավարության՝ նույն նպատակով ստեղծված աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչները:
Աշխատանքային խմբի հաջորդ նիստի մասին կտրվի տեղեկատվություն: