Նոր խորհրդարանական համակարգում ՀՀ նախագահի պաշտոնը չձևավորված գաղափար է: Այսօր՝ հուլիսի 7-ին, ՄԱՀՀԻ III երիտասարդական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը. «Իհարկե կա սահմանադրությունը, որն ասում է, թե որոնք են պարտականությունները, իրավունքները, սակայն մյուս կողմից խորհրդարանական համակարգում նախագահ ունենալու մշակույթը մեր երկրում դեռևս ձևավորված չէ: Այս պաշտոնն ինձ համար կրկին սովորելու դպրոց է»:
Նախագահի խոսքերով, ինքը պատրաստվում է սովորել նաև երիտասարդներից՝ նշելով, որ երիտասարդ լինելը կապ չունի տարիքի հետ, այն հոգու կարգավիճակ է. «Եթե դու օրվա ընթացքում որևէ նոր բան չես սովորում, այդ օրն անիմաստ է, արդեն կարծես թե երիտասարդ չես լինում, կարծես թե հասել ես ծառի վերջին ճյուղին: իսկ եթե ամեն օր նոր բան ես սովորում, դու երիտասարդ ես մնում: Ինձ համար Հայաստանը երիտասարդ է և այդ երիտասարդության ոգին տեղափոխվել է նաև սփյուռք ու հիմա ամեն ինչ կախված է մեզնից, թե ինչպես առաջ կգնանք»:
Սարգսյանը նշեց, որ ինքն իրեն համարում է երիտասարդ, հետևաբար ինքը երիտասարդ Հայաստանի երիտասարդ նախագահն է:
Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, նախագահը նշեց, որ թավշյալ հեղափոխությունը տեղի ունեցավ նաև այն բանի շնորհիվ, որ Սահմանադրությունը տեղում է, և եթե հիմա Սահմանադրություն փոխելու հարց լինի, այն պետք է փոխվի ժողովրդի կամքով, այլ ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա: