Հասարակություն 

Հանուն այս գագաթաժողովի հաջողության Հայաստանը կենտրոնացրել է իր բոլոր հնարավորությունները

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ին Քվեբեկում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին: Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

«Հարգելի՛ պարոն նախագահ, հարգելի՛ տիկին գլխավոր քարտուղար, հարգելի՛ պարոն խորհրդարանական գլխավոր քարտուղար, հարգելի՛ գործընկերներ, ինչպես արդեն գիտեք, այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և երկու տարի կնախագահի այդ կազմակերպությունում:

Նման լայնամասշտաբ միջազգային միջոցառման կազմակերպումը մեր երկրում ևս մեկ անգամ հավաստում է մեր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային և կօժանդակի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածմանը՝ ի նպաստ համերաշխության, ժողովուրդների իրավահավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մշակութային բազմազանության և այլ արժեքների ու սկզբունքների, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ:

Հանուն այս գագաթաժողովի հաջողության Հայաստանը կենտրոնացրել է իր բոլոր հնարավորությունները:

Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նախարարի գլխավորությամբ ստեղծվել է հատուկ կազմակերպչական հանձնախումբ: Այն արդեն իսկ գործում է՝ սերտորեն համագործակցելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության կողմից ստեղծված կազմակերպչական կոմիտեի հետ:

Ինչ վերաբերում է գագաթաժողովի անցկացման ամսաթվերին. հաշվի առնելով միջազգային միջոցառումների օրացույցը` առաջարկում ենք Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ. հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների համար առաջարկում ենք հետևյալ օրերը՝ հոկտեմբերի 7-ը՝ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի, հոկտեմբերի 8-9-ը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նիստերի համար:

Որպես XVII-րդ գագաթաժողովի խորհրդանշան՝ ի շարունակություն Երևանի նախարարական համաժողովի, ընտրվել է նուռը, որը հայկական մշակույթում խորհրդանշական համարում ունի:

Առանձնահատուկ կարևորություն ենք տալիս գագաթաժողովի տեսանելիության ապահովմանը: Մենք ցանկանում ենք շարունակել Մադագասկարի գագաթաժողովի նախաձեռնությունը և խրախուսել երիտասարդների մասնակցությունը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի կանոնադրական մարմինների նիստերին:

Ցանկանում ենք, որպեսզի բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալահամերգը. այն տեղի կունենա գագաթաժողովի առաջին օրվա ավարտին` պետական ճաշից առաջ:

Նախատեսում ենք կազմակերպել նաև «Ֆրանկոֆոնիայի ավան», ուր համապատասխան տաղավարներում իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները:

Հարգելի՛ պարոն նախագահ, հարգելի՛ տիկին գլխավոր քարտուղար, հարգելի՛ պարոն խորհրդարանական գլխավոր քարտուղար, հարգելի՛ գործընկերներ, ինչ վերաբերում է գագաթաժողովի հիմնական կարգախոսին, առաջարկում ենք «Ապրել միասին» թեման: «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համոզված ենք, որ այն կարող է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը:

Ակնկալում ենք նաև աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ «Ապրել միասին» պակտ ստեղծելու ուղղությամբ: Դրանում կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, համագործակցությունը, կրթությունը, թվային տնտեսությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև ահաբեկչությունը սնող արմատականացման ու բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարը: Այս առումով ցանկանում ենք, որպեսզի Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա գործընթացին և իր նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը:

Տիկնայք և պարոնայք, գագաթաժողովի շրջանակում կարևոր միջոցառումների թվում մտադրություն ունենք կազմակերպել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում: Մեր նպատակն է խրախուսել գործարարների միջև շփումները, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության հիման վրա քննարկումներ ծավալել զարգացման մարտահրավերների և հեռանկարների շուրջ:

Մեծապես կարևորում ենք ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ և մասնագիտական կապերի ամրապնդումը և հույս ունենք, որ Երևանում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել ֆրանկոֆոն գործարարների ցանցի մեկնարկի համար:

Հարգելի՛ գործընկերներ, գագաթաժողովը հնարավորություն կտա անդրադառնալ տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին: Այլ կարևոր թեմաներ նույնպես նախատեսված են օրակարգում, ինչպիսիք են կայուն զարգացումը, մշակութային բազմազանությունը, երիտասարդության դերը, թվային ֆրանկոֆոնիան, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, կլիմայական փոփոխությունների դիմակայումը և այլն: Շնորհակալություն ուշադրության համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նույն շարքից