Այսօր՝ հուլիսի 7-ին, ՄԱՀՀԻ III երիտասարդական ֆորումի ժամանակ Հայաստանում վերջին իրադարձություններից հայտնի ուսանող Դավիթ Պետրոսյանը դիտողություն արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտարարելով, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար:
Պետրոսյանը մասնավորապես նշեց, որ նախագահի ելույթը պետք է սկսեր ժամը 10:15-ին և ավարտվեր ժամը 10:40, իսկ հարցուպատասխանը պետք է լիներ 10:40-11:00. «Բայց արդեն ժամը 11:45 է, իսկ Դուք շարունակում եք հարցերին պատասխանել: Եթե մենք ուզում ենք ունենալ նոր Հայաստանը, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»:
Միջոցառման կազմակերպիչներից քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ դիտողությունն ավելի շատ վերաբերում է կազմակերպիչներին, և պետք է հասցեագրել իրենց:
Նախագահ Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ ասվածն ընդունում է որպես հանդիպումն ավարտելու առաջարկ և իր ուրախությունը հայտնեց, որ չնայած խախտմանը հանդիպման մասնակիցները չեն լքել դահլիճը. «Եթե ես ուշացել եմ, ներողություն եմ խնդրում: Ճիշտ է, որ չպետք է ուշանալ: Ինչ վերաբերում է զրույցի երկարացման, ես դրանից հաճույք եմ ստանում, և քանի որ կազմակերպիչներն ինձ դեղին հետո նաև կարմիր քարտ ցույց չէին տալիս, ես շարունակում էի: Կարծում եմ, որ այս հանդիպումից և դուք, և ես հաճույք ստացանք, և ինչ-որ բան սովորեցինք, այլպես դուք կհեռանայիք»: