Հասարակություն 

Պետք է ընտրել բարձրանալու ճանապարհը. Նախագահը՝ երիտասարդներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն և արտաքին քաղաքականություն» խորագրով:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։

Նկատելով, որ երկրում կատարված փոփոխությունները տարբեր անվանումներով են բնութագրվում, նախագահը լավագույններից է համարել «Երիտասարդ Հայաստան» տարբերակը: «Ոչ միայն նրա համար, որ երիտասարդներն էին հիմնականում մասնակցում, երիտասարդական ոգի կար, այլ որովհետև երիտասարդությունը նաև հավատ է ապագայի նկատմամբ: Երիտասարդ է այն մարդը, ով իր կյանքի նախաշեմին է, և կյանքի բոլոր ճանապարհները նրա առջև բացված են»,-նշել է Արմեն Սարգսյանը և հավելել. «Ներկայումս մեր երկրի համար ևս բոլոր հնարավորությունները բաց են, և պետք է ընտրել բարձրանալու ճանապարհը»:

Արմեն Սարգսյանն իր առաջնահերթ խնդիրներից մեկն է համարել խորհրդարանական հանրապետությունում նախագահական մշակույթի կերտումը։

Նախագահը նաև անդրադարձել է Սահմանադրության կարևորությանը, գոհունակությամբ նշել վերջին շրջանի իրադարձությունների հանգուցալուծումը Սահմանադրության շրջանակում։ «Սահմանադրությունը հիմնական օրենքն է, և եթե երկրում փոփոխություններ, զարգացումներ պետք է լինեն, ապա պետք է լինեն դրա սահմաններում: Ու եթե մի օր Սահմանադրությունը պետք է նորից փոփոխվի, ապա պետք է փոփոխվի ժողովրդի կամքի հիման վրա, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ինչ-որ պատճառով որոշել է փոփոխել այն: Փոփոխողը պետք է լինեք դուք»,-նշել է նա:

Այնուհետև նախագահ Սարգսյանը պատասխանել է ֆորումի մասնակիցների բազմաթիվ հարցերին, իսկ վերջում հանձնել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի այս տարվա շրջանավարտների ավարտական վկայականները:

 

 

Նույն շարքից