Հասարակություն 

Մենք ուզում ենք արդարություն լինի, ոչ թե սուբյեկտիվ մոտեցում. Ժամը 10։00-ին բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Այսօր ժամը 10։00-ին ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Analitik.am-ը զրուցեց ակցայի նախաձեռնող խմբի անդամներից մեկի հետ, ով ասաց, որ կառավարության վերջին որոշման փոփոխությունից հետո ուսանողները փաստաթղթեր են հանձնել տարկետում ստանալու համար. «Մենք ներկայացրել ենք մոգը, ով հոդված ուներ՝ իր հոդվածի տեղեկանքները, և մեզ կանչեցին արդեն հարցազրույցի՝ այսինքն, ում կանչեցին հարցազրույցի, եթե հարցազրույցն առավելագույն ստանար, ապա ինքնաբերաբար տարեկետում էր ստանում։ Ամբողջությամբ այդ հարցազրույցից էր կախված, թե ով կստանա, ով՝ չէ։ Հունիսի 22-23 -ին գնացել ենք հարցազրույցի և այդ հարցազրույցը տևել է ընդամենը 10 րոպե։ Այդ հարցազրույցով պետք է որոշվեր մոտիվացիան՝ գիտությամբ շարունակելու և վերլուծական կարողությունները։ 15 հոգին, ովքեր ներկայացված էին այդ հանձնաժողովում, պետք է որոշեին, բայց աշխարհում նման փորձ չկա։ Մենք շատ ենք ուսումնասիրել՝ ոնց կարող են մոտիվացիան չափել, բայց այստեղ մի հարց կա՝ դա կամ լինում է, կամ՝ չի լինում։ Չի կարող, օրինակ, մեկի մոտիվացիան գնահատվի 17, մեկինը՝ 19 կամ 16, ուղղակի աբսուրդ է դա, և այդ առումով իրենք ոչ մի բացատրություն չեն կարողանում տալ»։

Նա նաև նշեց, որ նույն հարցը ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին էլ են տվել, ով ասել է, որ օրենքը շատ բացեր ունի. «Բայց ինքը մեզ չի ցանկանում օգնել այս հարցում, որ խնդրին լուծում տանք, նա ասում է՝ այո, օրենքը բացեր ունի, բայց սա է, կոպիտ ասած, ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ գնացեք դատարան դիմեք։ Եվ ինքն էլ է ընդունում, որ սա անարդար է՝ այսինքն, մարդ կա 0,25 միավորով կտրվել է, իսկ մարդ կա, օրինակ, նախաձեռնող խմբից (նախկինում, որ տարկետման համար պայքարում էին ԵՊՀ -ի «Ռեստարտ»-ից) իրենք ամբողջությամբ անցել են, նույնիսկ մարդ կա, ով համ դիմորդ է եղել, համ այդ գործընթացի մեջ ներառված է եղել՝ այսինքն, այդ կազմակերպչական աշխատանքներում է եղել։ Այս դեպքում կարծում եմ՝ օբյեկտիվություն չկա։ Սկզբից մեզ ասացին, որ ուղիղ եթեր է լինելու, լրագրողներ պետք է լինեն, թափանցիկ քննություն պետք է լինի, բայց հետո որոշվում է՝ չգիտեմ, թե ով է որոշում, իրենք ասում են, որ ուսանողներն են որոշել, որ դեմ պետք է լինեն ուղիղ եթերին և լրագրողներին, բայց ում հարցնում ենք, ասում են՝ մեզ նման բան չեն ասել։ Այդպես որոշեցին, որ ոչ ուղիղ եթեր է լինելու, ոչ էլ լրագրողներ։ Դրանից հետո՝ երեք օրվա ընթացքում, պետք է պատասխանեին, բայց չպատասխանեցին և միայն 5-6 օր հետո պատասխանեցին, որ չենք անցել, պատճառն ասում են՝ հանձնաժողովն է որոշել և գնահատել է ցածր։ Բողոքարկում եղավ, բողոքարկման ժամանակ նորից հանձնաժողով կազմվեց։ Մենք ասում ենք՝ ասեք պատճառն՝ ինչի՞ եք, օրինակ, 17 գնահատել, ասեք, խնդիր չկա, մենք կընդունենք, իսկ իրենք ասում են՝ չկա բացատրություն, կոնկրետ փոխնախարարն է ասում։ Հարցնում ենք՝ մոտիվացիան ինչպե՞ս եք չափել, ասում են՝ այնտեղ այնպիսի մարդիկ են ներկա եղել, որ իրենք հնարավոր չի, որ սխալվեն, նույն ԲՈՀ-ի նախագահն է ներկա եղել այդ հարցազրույցին։ Ի դեպ, 10 րոպե է տևում այդ հարցազրույցը։ Ասում ենք՝ լավ, աշխարհում այդպիսի փորձ չկա, որ կարողանան մարդու մոտիվացիան չափել, դուք ո՞նց եք կարողանում չափել, իրենք պնդում են, որ այդ մարդիկ հնարավոր չի 10 րոպեում չկարողանան քո մոտիվացիան չափել, սա իհարկե, աբսուրդ է, որովհետև ոչ մեկ չի կարող ինչ-որ մեկի մոտիվացիան չափել։ Նախ՝ մեզանից սկզբում ուզել են երաշխավորագրեր, մենք ամեն մեկս մեկ, երկու երաշխավորագիր տարել ենք դոցենտներից, պրոֆեսորներից՝ այսինքն, մեր դասախոսներից, ուզել են մոտիվացիայի համար, դա էլ բացարձակ հաշվի չեն առել, չեն կարդացել նույնիսկ։ Նախկին որոշման մեջ դա պետք է առանձին գնահատվեր, բայց հետո որոշեցին, որ չի գնահատվելու, մի խոսքով, շատ մեծ խաշնաշփոթ է իրենց մոտ։ Եվս մեկ աբսուրդ նշեմ, որ կային մարդիկ, որոնց տարկետում տվեցին, մի քանի օր հետո իրենք ասպիրանտուրայի քննությանը կտրվեցին՝ այսինքն, իրենք տարկետում ունեն, բայց չեն ընդունվել»։

Ինչ վերաբերում է բողոքի ակցիային, ապա ակցայի նախաձեռնող խմբի անդամն ասաց, որ պահանջն է, որպեսզի վերանայվի ամբողջ համակարգը. «Այն շատ սխալ է կազմված, և այդ համակարգի սխալների պատճառով շատ մարդիկ են տուժել, մոտ 15-20 մարդ տուժել է այդ խառնաշփոթից։ ԿԳ փոխնախարարն ինքը նախկինում պայքարել է դրա դեմ, բայց հիմա չեն ուզում մեզ օգնած լինեն այս հարցում, իրենք էլ են ընդունում, որ բացեր կան օրենքում, որ սուբյետիվությունը շատ-շատ մեծ է այս օրենքում։ Ուզում ենք, որ արդար լինի ամեն ինչ, եթե օրենք կա, ուրեմն թող բոլորի համար լինի, կամ բոլորս կստանանք արդար ձևով կամ ոչ մեկ էլ թող չստանա։ Ինչի՞ պետք է այդ հանձանժողովի գործընթացում ներառված մարդիկ ստանան, իսկ մենք՝ չստանանք։ Եթե արդարություն կա, թող բոլորի համար լինի։ Մեր պահանջն այն է, որ արդարություն լինի։ Այսօր՝ ժամը 10։00-ին, իրականացնելու ենք բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց, քանի որ անցած ուրբաթ օրը դիմել ենք ԿԳ նախարարին, վարչապետին, ՄԻՊ-ին, իրենք վերցրել են մեր դիմումները, ուսումնասիրում են, սակայն դեռ ոչ մի արձագանք չկա, նույնիսկ փոխվարչապետին նամակով գրեցինք, բայց ընդհանրապես ոչ մի արձագանք չկա։ Նաև պլանավորում ենք, եթե հարցը չլուծվի, դիմել վարչական դատարան և այնքան ժամանակ պայքարել, մինչև այս հարցը լուծվի»։

Նույն շարքից