Այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է իրականացվելու վերահսկողությունը ծանր հիվանդություն ունեցողներին առաջնագիծ չուղարկելու համար, ասաց, որ կառավարության որոշմամբ փորձաքննության կարգը փոխվել է, որի համաձայն, համապատասխան թերթիկում նշվելու են սահմանափակումները, որոնք լինելու են այս կամ այն զինծառայողի համար. «Զինծառայողը տեղյակ է լինելու, թե ինչ խնդիրներ ունի և թե ինչ սահմանափակումներ են լինելու ֆիզիկական ծանրաբեռնվածության մասով: Զորամասերի բուժծառայության պետերն իրենց հերթին վերահսկելու են պահանջների կատարումը»:
Ինչ վերաբերում է բանակում մահացության դեպքերին, տիկին Հովհաննիսյանն ասաց, որ պետք է խոսել կոնկրետ դեպքերի մասին, ինչից հետո ինքը կարող է պատասխանել, թե որն է եղել պատճառը կամ պատճառները:
ՊՆ աշխատակիցը նաև նշեց, որ վերջին տարիներին իրենք անցել են պրոֆիլակտիկ աշխատանքների. «Վերջին տարիներին պատվաստումների ծրագրերի մեջ պարտադիր ավելացրել ենք գրիպի պատվաստումը, ինչի արդյունքում շատ դրական արդյունքներ ունենք: Մենք հիվանդությունների բուժումից անցել ենք որոշ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը: Դրա շնորհիվ սեզոնային գրիպի ժամանակ մենք ավելի քիչ խնդիրներ ենք ունենում»: