Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր հուլիսի 9-ին, հայկական բանակ է զորակոչվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:
Կրտսեր Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցանկանում է ծառայել այն հատվածում, որտեղ ամենաշատը կարող է օգուտ տալ հայրենիքին և եթե այդ վայրն առաջնագիծն է, պատրաստ է մեկնել առաջնագիծ:
Լրագրողների այն հարցին, թե ինչ խորհուրդ է տվել հայրն այսօր առավոտյան՝ Աշոտն ասաց, որ շատ անձնական է և չի կարող բարձրաձայնել այդ մասին:
Հարցին, թե ինչու է ցանկանում ծառայել հենց Արցախում, վարչապետի որդին հայտարարեց, որ հակամարտությունը հենց այնտեղ է թեժ, դրա համար էլ ինքը ցանկանում է ծառայությունն անցկացնել հենց Արցախում:
Լրագրողներին հետաքրքրում էր նաև հարցը, թե չի փորձել արդյո՞ք Աշոտը խուսափել բանակից: Փաշինյանի որդին ասաց՝ իհարկե ոչ՝ հավելելով, որ օրենքը պետք է թույլ չտա այն տղաներին, ովքեր ի վիճակի են ծառայել, խուսափել ծառայությունից:
Կրտսեր Փաշինյանը չցանակցավ խոսել այն մասին, թե ինչ է անելու բանակից հետո՝ նշելով, որ դա անձնական է՝ միայն հայտարարելով, որ ուսումը կիսատ է թողել Տարտուի համալսարանում, որպեսզի զորակոչվի հայոց բանակ: