ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել ՀՔԾ ծանուցագիրը Մարտի 1-ի գործով հարցաքննության համար: Այս պահին Քոչարյանն ունի վկայի կարգավիճակ և պատրաստ է այդ կարգավիճակով մասնակցել հարցաքննությանը:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ ինքը Մարտի 1-ի թեմայով խոսել է Ռոբերտ Քոչարյանի հետ. «Այն ժամանակ, երբ փաստերը կպարզվեն, և ոչ միայն Մարտի 1-ի մասով, այլ շատ հարցերում, որոնք օրինակ կապված են ինչ-որ առասպելական հարստության հետ, հանրությունը կզարմանա: Կամ վերջերս տեսնում եմ խոսակցություն հոկտեմբերի 27-ի հետ կապված: Հանրությունը մեծ զարմանք է ապրելու, երբ տեսնի, որ տարիներ շարունակ վայրահաչոց է եղել մի թեմայով, որի հետ նախագահ Քոչարյանն առնչություն չունի»:
Սողոմոնյանն ասաց, որ Քոչարյանը մեծ կարողություն չունի և եթե հավատալու լինենք խոսակցություններին, բոլոր բանկերը, բացի HSBC բանկից, պատկանում են 2-րդ նախագահին: