Քիչ առաջ հրաժարական տվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից:
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին ոչ միայն Երևան քաղաքը գեղեցկացավ, կանաչապատվեց և մի շարք տարիներով կուտակված հարցեր՝ աղբահանություն, շենքերի բարեկարգում, խաղահրապարակներ և այլն, լուծվեցին, այլ նաև ակտիվացան Երևան քաղաքի միջազգային կապերը այլ մայրաքաղաքների ու քաղաքների հետ: Երևանը ձեռք բերեց մի քանի տասնյակ քույր քաղաքներ, որոնց հետ համագործակցության լայն շրջանակներ գծվեցին՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներում:
Տարոն Մարգարյանին շատ լավ էին վերաբերվում նաև Երևանի բնակիչները, ովքեր տարբեր հարցումների ժամանակ իրենց դրական կարծիքն ու աջակցությունն են հայտնել նրան:
Նշենք, որ այսօր, երբ համացանցում տարածվեց լուրն այն մասին, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, բազմաթիվ ՖԲ օգտատերեր իրենց ափսոսանքը հայտնեցին՝ նշելով, որ հենց Տարոն Մարգարյանի կառավարման օրոք է Երևանը դարձել բարեկարգ ու գեղեցիկ քաղաք, որով մենք հպարտանում ենք: Երևանի քաղաքապետարանը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, նաև մի շարք սոցիալական ծրագրեր էր իրականացնում, որոնք թեթևացնում էին բազմաթիվ ընտանիքների հոգսերը: Հենց Տարոն Մարգարյանի կառավարման տարիներին ստեղծվեցին բազմաթիվ փառատոններ, միջոցառումներ, որոնք խթանում էին տուրիզմի զարգացումը և արդեն սիրվել են Երևանի բնակիչների կողմից: Իրագործվել են բազմաթիվ աջակցության ծրագրեր՝ երիտասարդ ընտանիքներին, զինվորներին, ուսանողներին, մշակութային գործիչներին և այլն:
Խորն ափսոսանք ենք հայտնում Տարոն Մարգարյանի հեռանալու կապակցությամբ և հույս հայտնում, որ նա իր հմտությունները, գիտելիքները և երկար տարիների կառավարման փորձը կօգտագործի պետական և քաղաքական ոլորտում՝ ունենալով նորանոր ձեռքբերումներ: