«ՊՆ-ում կան քրեական գործերը, ինչը մեր կառույցին խանգարելու է իրականացնել ընթացիկ գործերը»,-այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ սպասում են ՊՆ-ում այդ գործերի քննաթյունն ավարտվի, ինչը սակայն չի նշանակում, որ կառույցը չի աշխատում:
Սանասարյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցն ամեն օր աշխատանք կատարում է. «Օրինակ այսօր ես դատախազություն եմ ուղարկելու ԲԷՑ-երի հետ կապված մի գողության դեպք: Խոսքը միլիոնների մասին է»:
Խոսելով նախկին պաշտոնյաների մասով ստուգումների մասին՝ Սանասարյանը հայտարարեց, որ իրենց համար չկա անձեռնմխելի անուն, բոլորին անդրադարձ լինելու է. «Այսուհետ մենք իրականացնելու ենք նաև կանխարգելիչ գործողություններ: Շատերը, ովքեր նախկինում այս կամ այն բանն արել են, այլևս չեն անի, քանի որ գիտեն, որ այդ թվում նաև մեր ծառայությունն այցելելու է իրենց»: