Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերն արգելել է Osmanen Germania («Օսմանյան Գերմանիա») խմբավորման գործունեությունը երկրի տարածքում: Այս մասին հայտնում է ՆԳՆ կայքը:
Որոշումը կայացվել է, քանի որ խմբավորման գործունեությունը հակասում է երկրի քրեական օրենսդրությանը, կազմակերպությունը վտանգ է ներկայացնում ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ հանրության համար ընդհանուր առմամբ:
Արգելքի մասին որոշումը վերաբերում է կազմակերպության 16 ֆիլիալներին:
Deutsche Welle-ն իր հերթին հայտնում է, որ վերոնշյալ խմբավորման շարքերում ընդգրկված են բռնցքամարտիկներ, բայքերներ, ռոքերներ և այլն: Ընդհանուր առմամբ կազմակերպության անդամների թիվը Գերմանիայում հասնում է 2,5 հազարի:
Գերմանական ոստիկանության տեղեկություններով, Osmanen Germania-ի ֆինանսավորումը կատարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության կողմից: