Հայաստան Քաղաքական 

Զորամասերում հասանելի կլինի նախընտրական քարոզչությունը

Հուլիսի 10-ին ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է չորրորդ նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը և անդամ Աղասի Ենոքյանը:

Քննարկվել են հանձնաժողովի և աշխատանքային խմբի համագործակցության ձևաչափն ու մեկ միասնական նախագիծ ներկայացնելու հնարավորությունը:

Դանիել Իոաննիսյանը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ վարչապետին առընթեր գործող հանձնաժողովի կողմից քննարկված այն հարցերը, որոնց վերաբերյալ կան հստակ դիրքորոշումներ և հիմնավորումներ: Նա նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովը տեղյակ է խորհրդարանական աշխատանքային խմբի քննարկումներից, և պատգամավորների քննարկած հարցերից շատերի վերաբերյալ ունեն կարծիքներ:

Դանիել Իոաննիսյանը նշել է, որ կարևորում են խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը համամասնական ընտրակարգով:

Նախատեսում է մեկական տոկոսով իջեցնել կուսակցությունների և դրանց դաշինքների համար սահմանված անցողիկ շեմը խորհրդարան: Կրկնաքվեարկությունները վերացնելու նպատակով նախատեսվում է հանել մատնահետքերով և նույնականացման քարտերով քվեարկելը, վերանայել ընտրողների ցուցակները: Վերջինս հնարավորություն կտա դրանցից հանել մահացած կամ երկրից բացակայող շուրջ 198 000 ընտրողի տվյալ, թույլատրել քվեարկելու միայն այն քաղաքացիներին, ովքեր ունեն անձը հաստատող վավեր փաստաթղթեր:

Հանձնաժողովը քննարկել է նաև զորամասերում նախընտրական քարոզչության իրականացման հետ կապված հարցեր: Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի շնորհիվ զորամասերում հասանելի կլինի նախընտրական քարոզչությունը: Առաջարկվում է նաև ավելացնել նախընտրական քարոզչության համար սահմանված անվճար եթերաժամը Հանրային հեռուստառադիոընկերությամբ, կազմակերպել բանավեճեր՝ նաև կուսակցությունների առաջին դեմքերի մասնակցությամբ, հստակեցնել օրենսդրության՝ բարեգործության իրականացման հետ կապված դրույթները, ընդլայնել նախընտրական քարոզչության համար նախատեսված ծախսերի ցանկը: Հանձնաժողովը մերժում է ընտրողների նախագրանցման ինստիտուտի գաղափարը:

Տեսակետներին ծանոթանալուց հետո խորհրդարանականները ներկայացրել են առաջարկներ, մի մասի կապակցությամբ հայտնել անհամաձայնություն:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 12:00-ին:

 

Նույն շարքից