Գլխավոր 

Ո՞ր խախտումների համար տուգանքները չեն ներվելու. ԱԺ-ն քննարկում է վարչական խախտումների հարցը

analitik.am

Խորհրդարանը սկսել է քննարկել մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը:

«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Օրենքն Ազգային ժողովում ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ համաներումը չի տարածվելու մի շարք խախտումների վրա, որոնց թվում են առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լույսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդնաշանով սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերներն օգտագործելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը, տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը, դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերն ուղևորափոխադրողների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը, ոչ սթափ վիճակում վարելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցնելու վարելը, ոստիկանության «կա՛նգ առ» հրահանգին չենթարկվելը:

Նախարարը նաև նշեց, որ բացառություն են կազմելու այն դեպքերը, երբ կա առերևույթ հանցագործության հատկանիշներ, երբ փաստի առթիվ քրեական վարույթ է իրականացվել, որի արդյունքում առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ կամ քրեական գործով վարույթը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով: Այս դեպքում համաներումը կասեցվում է մինչև քրեական գործով վարույթի ավարտը:

Համաներման որոշումը տարածվելու է մոտ 150 հազար քաղաքացու վրա:

 

 

 

Նույն շարքից