Այսօր՝ հուլիսի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Գագիկ Ծառուկյանին և վերջինիս անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին ծեծի մեջ մեղադրող Վյաչիսլավ Հարությունովին կաշառել են կամ ճնշում են գործադրել նրա վրա, ինչի արդյունքում վերջինս փոխել է նախնական ցուցմունքը, հայտարարեց, որ բազմաթիվ հնարավորություններ կլինի Հարությունովի և վերջինիս տիկնոջ հետ խոսելու համար. «Նա ասում է, որ դեղերի ազդեցության, աֆեկտի ազդեցության տակ է գտնվել, երբ արել է այդ հայտարարությունները»:
Ինչ վերաբերում է Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այն պնդմանը, որ հնարավոր չէ ընկնելու արդյունքում նման վնասվածքներ ստանալ, Տոնոյանն ասաց, որ Օսիպյանի հայտարարությանը ծանոթ է և հանրության դատին է թողնում գնահատականներ տալը մի հայտարարության, որն արվել է այն օրը, երբ դատարանը դեռևս որոշում էր Բաբայանի խափանման միջոցի հարցը:
Բաբայանի կալանավորման մասով Ծառուկյան խմբակցության պատգամավորն ասաց, որ հարց գտնվում է Վերաքննիչում, և այնպես չէ, որ իրենք համաձայն են այդ որոշման հետ: