Քաղաքականություն 

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է ԱԻՆ

analitik.am

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցի համար՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց. «Ցանկանում եմ փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նախկին բոլոր պայմանավորվածություններն ու ընթացիկ ծրագրերը շարունակական կլինեն: Կարևորում ենք նաև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության նոր ծրագրերի մշակումը՝ մասնավորապես սեյսմիկ անվտանգության ոլորտում»:

Դեսպան Միլսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նշեց. «Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Հպարտ եմ, որ ԱՄՆ դեսպանատունը տարիներ շարունակ եղել է ամուր գործընկեր Ձեր նախարարության համար: Հայաստանի արագ արձագանքման թիմերի և ամերիկյան զինված ուժերի մասնագետների միջև փորձի փոխանակումը մեկն է այն ուղիներից, որոնցով մենք գործակցում ենք մարդկային կյանքեր փրկելու նպատակով: Պատրաստ ենք շարունակել մեր գործընկերությունը Ձեր պաշտոնավարման ընթացքում և հուսով ենք, որ կարող ենք գտնել համատեղ աշխատանքի նոր և արժեքավոր ուղիներ»: Անդրադառնալով սեյսմիկ ոլորտի համագործակցության հեռանկարներին՝ դեսպան Միլսը նշեց, որ ամերիկյան կողմը կարող է տրամադրել փորձագիտական աջակցություն և տեխնոլոգիաների ուսումնասիրության հնարավորություն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի՝ մասնավորապես հրշեջ կայանների, վայրի բնության հրդեհների դեմ պայքարի կարողությունների, հրշեջների կարողությունների զարգացման, համատեղ վարժանքների իրականացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդգծեց, որ հանձնարարել է ուսումնասիրել հանրապետությունում հրշեջ կայանների տեխնիկական վիճակը և համապատասխանեցնել դրանք հիմնական ստանդարտներին: Նա նաև նշեց, որ եղանակային բարձր ջերմային ֆոնով պայմանավորված այս տարի շատացել են հրդեհների դեպքերը, և այս առումով Արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատանքներ է իրականացնում հրդեհների կանխարգելման ուղղությամբ, այդ թվում նաև հանրության իրազեկման միջոցով:

ԱԻ նախարարն անդրադարձավ նաև ավելի վաղ ամերիկյան «Բարոն Սըրվիսիզ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներին և նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ձևավորելու և մասնագիտական քննարկումներ անցկացնելու առումով: Ընկերությունն իր հաճախորդներին է տրամադրում եղանակային տեղեկատվություն, նաև տրամադրում է եղանակային ռադարների, տեսողական ծրագրային ապահովման, հիդրոլոգիական և ճանապարհային մոդելավորման, թվային և հավելյալ արժեք ունեցող եղանակային տվյալների բազմակի բաշխման ցանցերի միջոցով:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև աշխատել վերոնշյալ ուղղություններով:

Նույն շարքից