գլխավոր 

Տուգանքները ներելու մասին նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Այսօր՝ հուլիսի 12-ին, խորհրդարանը ձայների 68 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Առաջարկվում է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդ պարտականությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առևևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել և այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ, որի արդյունքում առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ կամ քրեական գործով վարույթը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով:

Ավելի վաղ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ  կներվի շուրջ 13,7 մլրդ դրամի չափով գումար, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150.000 անձինք:

Նախարարը ներկայացրել էր այն իրավախախտումները, որոնց վրա չի տարածվի օրենքը: Դրանք են՝ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր ու կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ, հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը, տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձին հանձնելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնը փակցնելու երթևեկելը:

 

Նույն շարքից