Հասարակություն 

Հայազգի օրենքով գող Բջեն կմնա կալանքի տակ

Մոսկվայի դատարանը մերժել է օրենքով գող Վարդան Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, և վերջինս կշարունակի մնալ անազատության մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ Ասատրյանի փաստաբանները պնդում են, թե նրա կալանքը կապ ունի Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ:

Ասատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2018 թվականի օգոստոսի 7-ը:

Նշենք, որ Բջե անունով հայտնի Ասատրյանը ձերբակալվել է ապրիլի 23-ին, նրա մոտ 15 գրամ հերոին էր հայտնաբերվել: Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափով թմրանյութ պահելու համար: Եթե մեղադրանքը հաստատվի, հայազգի օրենքով գողը կարող է անազատության մեջ հայտնվել 10 տարի ժամկետով:

Պրայմ Կրայմը հայտնում է, որ Բջեն 2008 թվականին Դեդ Հասանի կողմից զրկվել է գողի կոչումից երեխաներ գողանալու համար: 2013 թվականին Դեդ Հասանի մահից հետո նա փորձել է ետ բերել իր կոչումը, սակայն դրան դեմ է եղել մեկ այլ հայազգի օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, ով այլ օրենքով գողերի ներկայությամբ ծեծի է ենթարկել հայրենակցին:

Նույն շարքից