Քաղաքական 

Աշոտյանը հորդորել է գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել Rheinmetall-ի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ուսումնասիրությանը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 12-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերին:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացման հարցերին՝ կարևորելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի և վեհաժողովների մակարդակում համատեղ աշխատանքների իրականացումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հույս է հայտնել Բունդեսթագում Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի հետ որակակական նոր՝ ավելի կառուցողական համագործակցության իրականացման հետ կապված:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Հանձնաժողովի նախագահը կարևորել է Եվրոպական միության անդամ պետությունների ազգային խորհրդարաններում համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը՝ հույս հայտնելով մոտ ապագայում ունենալ նաև Գերմանիայի խորհրդարանի վավերացումը: Արմեն Աշոտյանն ընդգծել է նաև խորհրդարանական վերահսկողության դերը համաձայնագրի կիրարկման հետ կապված և հարցի առնչությամբ կարևորել գերմանական փորձի ուսումնասիրությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկվել ընտրական օրեսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր: Արմեն Աշոտյանը նշել է, որ ԸՕ բարեփոխումների գործընթացում քաղաքական բոլոր ուժերը կարևորում են ընտրական բարեփոխումների կայացումը քաղաքական լայն համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ և բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև կնքված հուշագրին և հորդորել գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել խնդրի առավել համապարփակ ուսումնասիրությանը:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հարցերում մոտեցումների տարբերություններից տարածաշրջանային և արտաքին քաղաքական ճակատում միասնական են՝ որպես առաջնահերթություն սահմանելով պետական շահը:

 

Նույն շարքից