Հասարակություն 

Օսիպյանը երաշխավորել է, որ մեր երկրում իրանցի զբոսաշրջիկները և գործարարներն իրենց ապահով ու անվտանգ կզգան

Հուլիսի 12-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետն ընդգծեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները, որոնց համատեսքսում նաև սերտ համագործակցությունը իրավապահ կառույցների միջև, որը գնալով զարգանում է:

Սեյեդ Քազեմ Սաջադին էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետ նշանակվելու կապակցությամբ ու փոխանցեց Իրանի ոստիկանության պետի հրավերը: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների հանդիպումներով է՛լ ավելի կզարգանա գերատեսչությունների համագործակցությունը: Խոսվեց նաև, որ հանդիպումները ոստիկանության սահմանային ստորաբաժանումների անձնակազմերի միջև ևս փոխշահավետ կլինի:

Կարևորվեց երկու երկրների համագործակցությունը հատկապես թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում ու հետախուզվողների հայտնաբերման գործում:

Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ իրանցի զբոսաշրջիկները Հայաստանում մշտապես արժանացել են լավ վերաբերմունքի, և նրանց անվտանգությունն ապահովելու հարցում գնահատելի դեր ունի ոստիկանությունը:

Դեսպանը հայտնեց, որ վերջին շրջանում նկատվում է իրանցի գործարարների հետաքրքրության ակտիվություն՝ Հայաստանում բիզնես ծրագրեր սկսելու հարցում:

Ոստիկանության պետը երաշխավորեց, որ մեր երկրում թե՛ իրանցի զբոսաշրջիկները, թե՛ գործարարները իրենց ապահով ու անվտանգ կզգան:

Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նույն շարքից