Վերադարձ նախկին ռեժիմին չի լինելու: Լրագրողների հետ զրույցում Բրյուսելից Երևան վերադարձի ճանապարհին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների աջակցությամբ շատ արագ կարող է իրականացնել պահանջվելիք բարեփոխումները, սակայն Հայաստանը հայցորդի կարգավիճակում չէ. «Մենք մեր անելիքները գիտենք, մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները: Մեր հեղափոխությունից հետո ԵՄ-ից բազմաթիվ ողջունող հայտարարություններ ենք լսել, բայց ըստ էության քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Կարծում եմ, որ կամ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականություն էականորեն փոխեն»,-հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ եվրոպացի գործընկերներին ինքը հայտնել է այդ մասով իր տարակուսանքը:
Փաշինյանը հայտնել է, որ Երևանը Բրյուսելում պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. «Այս պատրաստակամությունն անկեղծ է, իսկ թե կոնկրետ ինչ նախագծերի շրջանակներում դա կլինի, դա կերևա հետագա հարաբերությունների ընթացքում: Այս պահին մենք երկու առաքելություն ենք իրականացնում ՆԱՏՕ-ի հետ՝ Կոսովոյում և Աֆղանստանում: Այդ ծրագրերում մեր առաքելությունը շարունակելու ենք, իսկ հետագա ծրագրեր, եթե լինեն կշարունակենք: Ինչու եմ ասում եթե, քանի որ փաստ չէ, որ ՆԱՏՕ-ն հետաքրքրված է այդ համագործակցության ընդլայնմամբ: Այնպես չէ, որ մենք էլ նման խնդիր ենք դնում ՆԱՏՕ-ի առաջ: Բոլոր հարցերը քննարկելու ենք բացառապես ՀՀ-ի շահերից ելնելով»: