Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում դեռ չի նախատեսվում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը և սահմանին տիրող իրավիճակին, Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական կողմի ագրեսիվությունը միայն կրակոցների թվով չի արտահայտվում՝ հավելելով, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շատ քիչ են, սակայն Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, սադրանքները՝ հատկապես Նախիջևանի ուղղությամբ:
Փաշինյանի խոսքերով, ինքը դա կապում է նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ. «Ադրբեջանը լուրջ պրոբլեմներ ունի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի ոլորտներում: Ես կարծում եմ, որ նրանք փորձում են սահմանային սադրանքներով սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից՝ գուցե վախ ունենալով, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում: Սակայն ես չեմ կարծում, որ այդպիսի բան կլինի, քանի որ այս գործընթացը մաքուր հայկական, հայաստանյան գործընթաց էր և որևէ միջազգային ուղի փնտրելն այդքան էլ ճիշտ չէ: Ամեն դեպքում մենք տեսանք, որ հեղափոխությունից հետո Ադրբեջանում հակաժողովրդական օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, որոնք նաև մատնեցին Ադրբեջանի գործող նախագահի վախերը մեր գործընթացների մասով»:
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը միասնական է ինչպես երբեք, և դա կարող է ուժեղացնել մեզ: