Բրյուսելում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է պատրաստվում անել, եթե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով չներկայանա ՀՔԾ հարցաքննության, արդյո՞ք պատրատվում է միջազգային հետախուզում հայտարարել, ասաց, որ այդ որոշումներն ինքը չի կայացնում՝ հավելելով, որ դրանք օրենքով կարգավորված են, գոյություն ունեն համապատասխան մեխանիզմները, եթե ինչ-որ մեկը չի ներկայանում հարցաքննության:
Փաշինյանի խոսքերով, բոլորը հավասար են օրենքի առաջ:
Ինչ վերաբերում է նրան, թե հնարավոր է արդյո՞ք, որ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարվի, վարչապետը նշել է, որ չի կարող ասել՝ բացառվում է, կամ՝ ոչ, քանի որ դա նախատեսված է օրենքով. «Այսինքն, այնպես չէ, որ դա պետք է տեղի ունենա իմ կամ որևէ պաշտոնյանի քմահաճույքով: Ես մեր իրավապահ մարմիններին ասել եմ՝ չի լինելու, որ ասենք այս մի գործը չքննենք, այս մի գործը չբացահայտենք: Չի լինելու նման բան, կապ չունի, թե ում է դա վերաբերում: Չեմ կարծում թե պետք է անհատապես անդրադառնամ որևէ մեկին»: