Բոլորը ձգտում են կոնսեսնսուսի, սակայն նաև հասկանում են, որ այն կարող է լինել օրինակ օրինագծի 90 տոկոսի շուրջ, և լինեն առանձին հարցեր, որոնց մասով առանձին քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունենան: Այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԸՕ փոփոխությունների քննարկումներին:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ հունով կարող են գնալ քննարկումներն այն հարցերի շուրջ, որոնց մասով դեռ չի հաջողվում համաձայնության գալ, Միրզոյանն ասաց, որ ինքը լավատես է՝ նշելով, որ նպատակ կա ունենալ մեկ փաստաթուղթ՝ բոլորի ցանկությունն է դա:
Միրզոյանի խոսքերով, պետք է անել այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր է անել կարճ ժամկետում. «Կարող ենք նաև արձանագրել, որ հաջորդ ընտրություններն այսինչ փոփոխություններով պետք է լինեն»:
Խոսելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին՝ առաջին փոխվարչապետն ասաց, որ ի վերջո պետք է գնալ այնպիսի փոփոխությունների, որից կշահի ՀՀ քաղաքացին: