Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը հերքում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների մասին տեղեկությունը

analitik.am

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախօրոք հայտնել էր, ֆեյսբուքյան իր էջում պատասխանեց ամենաշատ լայք հավաքած հարցերին՝ դա անելով արդեն երկրորդ անգամ:

Հարցերից մեկն էլ վերաբերում էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներին: Օգտատերը մասնավորապես հայտնում էր, որ հերոսի ծնողները սոցիալական վատ պայմանների պատճառով լքել են Հայաստանը և պետք է անել ամեն ինչ նրանց Հայաստան բերելու համար:

Վարչապետը կտրուկ կերպով հայտարարեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը՝ հայտարարելով, որ հունիսի 30-ին ընդունել է Ռոբերտի հոր, ծանոթացել վերջինիս հետ, զրուցել, խնդրել պատմել Արցախի հերոսի մասին:

Վարչապետի խոսքերով, այդ հանդիպման մասին չի հայտնվել, քանի որ այն եղել է անձնական և հենց Աբաջյանի հայրն էլ չի ցանկացել, որ այդ մասին հայտարարվի:

Ապա Փաշինյանը նշեց, որ Աբաջյանի պատմությունն իրեն հուզել է հենց առաջին օրվանից, երբ ինքը լսել է այն՝ հավելելով, որ Աբաջյանը և մյուս տղաները նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից են:

Ինչ վերաբերում է Ռոբերտի ծնողներին, վարչապետն ասաց, որ վերջինիս հայրը, մայրը, եղբայրը արդեն մոտ 10 տարի է ապրում ու աշխատում են Ռուսաստանում և հենց Ռոբերտն էլ մինչև բանակ զորակոչվելն ապրել է Ռուսաստանում:

Փաշինյանի խոսքերով, Հայաստանին պատիվ չի բերում, որ նրանք Հայաստանում չեն ապրում, և Աբաջյանի հայրն էլ ասել է, որ հեղափոխությունից հետո մտածում է ՀՀ տեղափոխվելու մասին, իսկ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի դրա համար:

Վարչապետը նաև նշեց, որ Արցախյան հերոսամարտի և ընդհանրապես հայրենիքի պաշտպանության համար զոհված վիրավորված հերոսներն արժանի են առանձնահաուկ վերաբերմոնքի. «Մասնավորապես Ռոբերտի և մյուսների կերպարը պետք է ուղենիշ լինի բոլորիս համար, որովհտեև հանուն հայրենիքի ապրելու և զոհվելու պատրաստակամությունը գիտակցության ամենաբարձ կետն է, որին մարդ կարող է հասնել: Շատ միստիկ բան կա, որ Ռոբերտն ու իր ընկերներն այդ գիտակցմանը հասել են 18-22 տարեկանում: նրանք խոնարհումի արժանի են: Ես իմ գործունեության ընթացքում պարտավորված եմ զգում նրանց առաջ»:

Նույն շարքից