Հասարակություն գլխավոր 

Այսպիսի իրավիճակ ունեինք նաև ապրիլյան պատերազմից առաջ. Փաշինյանը սահմանին տիրող իրավիճակի մասին

Երեկ՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքում օգտատերերի հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հայտարարեց, որ ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է՝ հավելելով, որ խոսքը չի վերաբերում միայն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, քանի որ այդ մասով խախտումների թիվը քիչ են:

Վարչապետը խոսեց նաև ադրբեջանական կողմից ագրեսիվ հայտարարությունների մասին՝ նշելով, որ Զինված ուժերին հրաման է տվել ծայրահեղ զգոն լինել և պատրաստ լինել ցանկացած պահի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի. «Սա է իրավիճակը: Մենք շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական որոշ ստորաբաժանումների կուտակումներ: Այսպիսի իրավիճակ մենք ունեինք նաև ապրիլյան պատերազմից առաջ: Նախիջևանի ուղղությամբ էլ մենք ունենք ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից: Մենք պետք է այս իրավիճակում մեր շահերը հետևողականորեն և պինդ ձևով պաշտպանենք»:

Փաշինյանի խոսքերով, Իլհամ Ալիևը ներքաղաքական խնդիրներ ունի և մտավախություն, որ Հայաստանում տեղի ունեցածը կարող է ոգևորել Ադրբեջանի ժողովրդին, ինչին կհաջորդեն քաղաքական պրոցեսներ՝ ընդդեմ կոռուպցիայի և հանուն ժողովրդավարությանը. «Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանվելու և հակահարված տալու: Սա նոր իրավիճակ չէ: Այս իրավիճակում մենք ունենք նաև լավ նորություններ՝ հայ ժողովուրդն այսօր համախմբված է առավել քան երբևէ, ինչը մեր ուժի և մարտունակության ամենակարևոր գործոնն է: Ադրբեջանի կողմից որևէ սադրանքի դեպքում մենք համազգային համախմբում կապահովենք, բոլոր ռեսուրսները կդրվեն, ամբողջ աշխարհի հայության ռեսուրսները կդրվեն Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու հակառակորդին հակահարված տալուն: Այս իրավիճակը պետք չէ ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել: Սա այն է, ինչ ունենք: Յուրաքանչյուր հայ աշխարհի տարբեր կետում պետք է ցանկացած պահի պատրաստ լինի ամեն ինչ թողնելուն և հայրենիքի պաշտպանությամբ զբաղվելուն»:

 

Նույն շարքից