Հուլիսի 15-ին ֆեյսբուքյան օգտատերերի հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին՝ հայտարարելով, որ որևէ գործողություն իրականացնելուց առաջ կառավարությունը պետք է հիմքեր ունենա, հակառակ դեպքում ամենաթողություն է սկսվելու, ինչն անթույլատրելի է:
Վարչապետի խոսքերով, պետք է հասկանալ, թե ինչ իրավիճակ է ստեղծվել և ինչ որոշում պետք է կայացվի: Նա հիշեցրեց, որ բնապահպանական տեսչությունը ստուգումներ է սկսել հարցը պարզելու համար՝ նշելով, որ իր ղեկավարած կառավարությունը ժառանգել է մի իրավիճակ, երբ միջազգային բորսայում ներկայացված միակ հանքարդյունաբերական ընկերությունն իրականացրել է 400 միլիոն դոլարի ներդրում. «Պետք է հասկանալ, թե ինչ ենք անելու այս իրավիճակին լուծում տալու համար: Այդ լուծումը չի կարող լինել ուղղակի վարչապետի որոշմամբ: Հույս ունեմ, որ դուք նման բան չեք ակնկալում»:
Փաշինյանը խոսեց նաև Ամուլսարի շահագործման դեմ պայքարողներից մի քանիսի ագրեսիվ հայտարարությունների մասին. «Ես ուղղակի ապշել էի, որ իմ այցից հետո մարդիկ կանգնել էին տեսախցիկների առաջ ասում էին՝ զենքով կխփենք, կգյուլենք, էս կանենք: Ժողովուրդ ջան, ես ուզում եմ ասել՝ ոչ մեկը Հայաստանում չի կարող զենքով հարց լուծել: Ես որքան գիտեմ, ԱԱԾ-ն համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել այդ հայտարարությունների հեղինակների նկատմամբ: Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը մեր սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի ու ասի, թե զենքով հարցեր կլուծի: Բռնություն, բեսպրիդել, զենքով հարց լուծել Հայաստանում չի լինելու: Ես սա ասում եմ որպես ՀՀ վարչապետ: Հակառակ դեպքում ինչի՞ համար էր այս հեղափոխությունը: Կոչ եմ անում մոռանալ հարաբերությունների այս մակարդակի մասին: Ցանկացած այսպիսի հայտարարության հետևելու է իրավապահ մարմինների կոնկրետ գործողություն»: