Քաղաքական գլխավոր 

ԵՄ դեսպանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Այսօր՝ հուլիսի 16-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերություններում հեղափոխությունից հետո էական փոփոխություն չկա, նշեց, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ջերմ հայտարարությունները, որոնք արվել են, հիմնված են լուրջ տրամադրվածության վրա և կապված են կառուցողական վերաբերմունքի հետ:

Սվիտալսկու խոսքերով, ԵՄ-ի առաջնային նպատակն է օգնել ՀՀ շարքային քաղաքացիներին. «Սա է մեր առաքելությունը: Ինչպես ես արդեն ասացի, մենք պետք է ստանանք կոնկրետ գաղափարներ մեր Հայաստանի գործընկերներից և միասին քննարկենք, թե ինչպես կարող ենք այդ գաղափարներն առաջ տանել, պետք է կոնկրետ քննարկումներ լինեն»:

ԵՄ դեսպանի խոսքերով, իրենք գործում են կոնկրետ շրջանակներում. «ԵՄ-ն բարդ կազմակերպություն է, և հավանաբար որոշ մարդկանց համար բարդ է հասկանալ, թե ինչպես է այն գործում: Գուցե հնարավոր կլինի որոշ բրիֆինգներ կազմակերպել: Այս շաբաթ մենք կազմակերպում ենք հատուկ սեմինար ՀՀ պաշտոնյաների համար, որպեսզի օգնենք նրանց հասկանալ, թե ինչպես է աշխատում Եվրամիությունը և որոնք են այն ուղղությունները, որոնք կան ԵՄ-ի կողմից կոնկրետ աջակցության համար, որն է այն շրջանակը, որում մենք գործում ենք»:

Սվիտալսկին նշեց՝ եթե հայկական կողմը կարծում է, որ ՀՀ-ԵՄ փաստաթղթերը պետք է ավելի ուժեղացվեն, ապա ԵՄ-ին անհրաժեշտ են կոնկրետ գաղափարներ, թե ինչ է ցանկանում փոխել Հայաստանը:

Նույն շարքից