ՀՀ քաղաքացին, որը դեռ չպարզված հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում, ունի հոգեկան խնդիրներ: Այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանը հատած և հարևան երկրում պատանդ վերցված Կարեն Ղազարյանին:
Բալայանի խոսքերով, հենց վերոնշյալ խնդրի պատճառով Ղազարյանը չի զորակոչվել և ծառայություն չի անցել Հայաստանի զինված ուժերում. «Դա փաստաթղթավորված և փաստարկված իրողություն է, որը փոխանցվել է Կարմիր Խաչին: Պաշտպանության նախարարությունն անմիջականորեն կապ է պահպանում Կարմիր Խաչի հետ, և Կարմիր Խաչի միջոցով այս պահին փորձում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Այլ ուղղություններով ևս աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր քաղաքացուն հնարավորինս արագ և անվտանգ վերադարձնենք Հայաստան: Այս պահի դրությամբ որևիցե առաջընթացի մասին այս հարցում չեմ կարող Ձեզ հայտնել»: