«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը՝ խորհրդարանական ձևաչափով:
Հիշեցնենք, որ խորհրդարանական չորս ուժերից բաղկացած աշխատանքային խումբ է ձևավորվել, որը կառավարական հանձնաժողովին զուգընթաց նիստեր է անում, քննարկումներ անցկացնում, որի ընթացքում ամեն ուժ իր առաջարկներն ու պատկերացումներն է ներկայացնում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Բայց կառավարությունը կարծես որոշել է հաշվի չնստել ԱԺ աշխատանքային խմբի հետ և իր սեփական նախագիծը բերել ԱԺ՝ ներկայացնելու այդ նույն ուժերի դատին: Նախորդ նիստերից մեկում կառավարության հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի քամահրական պահվածքից հետո խորհրդարանականները քիչ էր մնում դադարեցնեին հետագա քննարկումները, ուստի ԱԺ եկավ կառավարական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու փորձեց Դանիելի թույլ տված կիքսերն ուղղել:
Ի վերջո, եկան այն որոշման, որ կձգտեն ներկայացնել մեկ ընդհանուր՝ կոնսենսուսային նախագիծ, այլ ոչ թե կառավարությունը հին իշխանությունների «դեմոկրատական» մեթոդներով ինչ ուզի՝ բրթի ու անցկացնի ԱԺ-ում: Բայց այս մասով դեռ հստակ ու վերջնական որոշում չկա: Ամեն դեպքում Արարատ Միրզոյանը, որը նախորդ նիստին ավելի շատ հաշտարարի դիրքերից էր հանդես գալիս ու առաջին անգամ էր մասնակցում այդ նիստին, ասաց, որ իրենք հաշվի են առնում բոլորի կարծիքը, այդ թվում՝ ԱԺ ուժերի, բայց հաստատ չնշեց՝ պարտադիր է, որ կոնսենսուսով անցնի նախագիծը, թե ոչ՝ ընդամենը ձգտում կա այդ ուղղությամբ:
Ի դեպ, Դանիել Իոաննիսյանի՝ նախորդ նիստի ժամանակ ինքնավստահ և վերամբարձ կեցվածքը, երբ պատգամավորներին խորհուրդ էր տվել իրենց հետ «բազարի» մեջ չմտնել, իրականում իր պատճառներն ունի: Մենք տեղեկացանք, որ նիստից առաջ Դանիելը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ վստահեցրել է, որ ինչ նախագիծ էլ լինի, ԱԺ-ն կընդունի, և ՀՀԿ-ն ցանկացած դեպքում կողմ կքվեարկի: Սա «դուխավորել» է Դանիելին ու առիթ տվել նման ելույթի՝ վրդովեցնելով պատգամավորներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում