Որքան էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացնի, թե ՊԵԿ-ում կատարվող կադրային նշանակումները խայտառակ չեն, և ՊԵԿ նախկին պաշտոնյաներն իրավունք ունեն վերադառնալ համակարգ և նոր մտածելակերպով լծվել գործին, սակայն պատկերը բոլորովին այլ է։ Նախկին կոռուպցիոներները ոչ մի կերպ չեն կարողանում «նոր մտածելակերպով» աշխատել։ Վառ ապացույցը Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումն է, որից հետո մաքսակետում թույլ չեն տալիս առանց մաքսավճարի ներմուծված ապրանքների մուտքը Հայաստան։ Առանց կաշառքի հնարավոր չէ անցկացնել անգամ օրենքով թույլատրված կիլոգրամով կամ խմբաքանակով ապրանքները։ Եվ այս բարքերը մաքսատուն վերադարձրել է վերջերս նշանակված Արթուր Գասպարյանը, որն առավել հայտնի է Պիտուլ մականունով։ Պիտուլն Ալրաղացի Լյովիկի՝ Լևոն Սարգսյանի քրոջ որդին է և ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը, որը հեղափոխությունից հետո շարքային տեսուչից միանգամից նշանակվեց Բագրատաշենի մաքսակետի պետ։ Մաքսակետի աշխատակիցների խոսքերով՝ իրենք երբեք այդքան անգրագետ, միևնույն ժամանակ այդ կարգի կաշառակեր ղեկավար չեն տեսել։
Ի դեպ նշենք, որ Պիտուլը՝ Արթուր Գասպարյանը, նախկինում երեք դրվագով անցել է կաշառքի գործով։ Դրանից բացի՝ նա անցած տարի հուլիսի 31-ին սեռական հայհոյանքներ էր տվել, ծեծի ենթարկել Նոյեմբերյան քաղաքի մի բնակչի, որն ընդամենը փորձել էր 10 հատ ձմերուկ անցկացնել իր մեքենայով՝ առանց մաքսազերծելու՝ զարմանալով, որ մաքսակետի հարևանությամբ բնակվող բնակչից 10 ձմերուկի համար մաքսատուրք են պահանջում։ Գործին այդ ժամանակ անմիջապես միջամտել էր դեռևս մաքսակետի զննման բաժնի պետ աշխատող Արթուր Գասպարյանը, հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հասցրել բնակչին, վզից պոկել ոսկե շղթան։ Գործը, սակայն, այդպես էլ որևէ իրավական հետևանք չի ունեցել և, Գասպարյանը մնալով անպատիժ, այսօր նշանակվել է Բագրատաշենի մաքսատան պետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում