Հուլիսի 16-ին Դիլիջանում կայացավ Դիմակայունության մարզային ֆորումը: Այն նախաձեռնել էին «ՕքսԵՋեն» հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ:
Ֆորումը համախմբել էր ՀՀ Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզային իշխանությունների և Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գործունեություն ծավալող կառույցների ավելի քան 60 ներկայացուցիչների:
Ֆորումի նպատակն էր ներկայացնել վերջին տարիների ընթացքում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) լավագույն փորձն ու հաջողված օրինակները՝ համայնքային, ազգային և գլոբալ մակարդակներում, ինչպես նաև այդ փորձը մարզերում կրկնօրինակելու, ներդնելու հնարավոր ուղիները, մեխանիզմներն ու մարզային իշխանությունների, ԱՌՆ մարզային թիմերի և ՏԻՄ-երի դերակատարությունն այդ գործընթացներում:
Ֆորումին բացման խոսքով հանդես եկավ ՕքսԵՋեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մարգարիտա Հակոբյանը: Իր ելույթում նա նշեց, որ անհրաժեշտ է ազգային նորանշանակ իշխանությունների հետ քննարկել համայնքների դիմակայունության բարձրացման, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հիմնահարցերը և ընդգծեց, որ իրենց ծրագրերը հաջողության են հասել բոլոր գործընկերների՝ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Կոտայքի մարզային իշխանությունների, համայնքների ղեկավարների և ԱՌՆ ոլորտի այլ գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին համայնքների դիմակայունության, երեխաների և աղետների ռիսկի նվազեցման հիմնահարցերը, մասնավորապես, դպրոցների համալիր անվտանգության խնդիրը, ուսումնական հաստատություններում ներառականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԱՌՆ պլանավորումը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների ուղղորդմամբ: Խոսվեց նաև արտակարգ իրավիճակների ժամանակ կանանց և տղամարդկանց կարիքների առանձնահատկությունների մասին:
Նշենք, որ ֆորումը կազմակերպվել է «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) ֆինանսական աջակցությամբ։
Նախատեսվում է անցկացնել ևս մեկ նմանատիպ ֆորում՝ երկրի հարավային մարզերի գործընկերների համար: