Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ նախագահը հայտնել է, թե ում է երկրպագել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում

analitik.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին:


Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին: Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, Մունդիալը կազմակերպված Ռուսաստանում:

Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ: Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց: Սա ասում եմ որպես մարդ, ում համար Ռուսաստանը հոգեհարազատ է, եւ ով դիտել է վերջին երեք մունդիալները՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Գերմանիայում: Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով: Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ոչ մի միջադեպ՝ բացարձակապես անվտանգ է, ու, միաժամանակ, փողոցներում չէր զգացվում ոստիկանների ներկայությունը:

Կարծում եմ՝ այսօր կարեւորն այն է, որ այս առաջնություն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը: Ցավոք, այսօր, 21-րդ դարում, վիրտուալ իրականությունը հաճախ է մթագնում է իրերի իրական պատկերը: Բայց հիմա հարյուր հազարավոր երկրպագուներ եւ լրագրողներ ողջ աշխարհից կարողացան տեսնել ու հասկանալ թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում:

Իսկ ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ինձ համար ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է: Իմ երիտասարդությունն անցել է Երեւանում, եւ երբ 1973 թվականին Երեւանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նաեւ նվաճեց ԽՍՀՄ գավաթը (1973-ին եւ 1975-ին – հեղ.), Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի անսահման ուրախություն ու տոն էր ողջ Հանրապետության համար:

Վերջին տարիներին մեր ընտանիքի սիրած թիմը Լոնդոնի «Արսենալ»-ն է, եւ մենք հիմա հատկապես երջանիկ ենք, որովհետեւ այնտեղ է լավագույն հայ ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը:

Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում ո՞ւմ էիք երկրպագում:

Ֆրանսիային: Դրա համար միանգամից մի քանի պատճառ կար: Առաջինը՝ նրանք ինձ դուր են գալիս որպես թիմ: Երկրորդը՝ Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, երկու հայ էին խաղում՝ Ջորկաեֆն ու Պողոսյանը: Երրորդը՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները շատ սերտ ու բարեկամական են: Ֆրանսիան մի երկիր է, որը անցած դարի սկզբին ապաստան տվեց հսկայական թվով հայերի, երկիր է, որը ճանաչել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:

Բացի այդ, ըստ վկայությունների, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ հայ, կիսով չափ ֆրանսիացի էր, Կիլիկիայի հայկական թագավորության վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ՝ ֆրանսիացի:

Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, այս տարի Երեւանը հյուրընկալելու է ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Եվ անձամբ ինձ համար եզրափակիչ խաղում Ֆրանսիային չսատարելը, այն էլ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, դժվար կլիներ:

Ընդհանրապես, այս առաջնությունում ինչ-որ մի թիմի գերակայություն չկար, ինչպես նախկինում էր լինում: Եւ այս տարի չեմպիոնի տիտղոսին մի քանի թիմ էին հավակնում, այդ թվում՝ Ռուսաստանի հավաքականը: Մենք եզրափակիչից առաջ գործընկերների հետ այդ մասին էինք խոսում: Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես մեծ հոկեյ ունեցող երկիր: Բայց հիմա, ինձ թվում է, դարձել է նաեւ ֆուտբոլի մեծ երկիր, իսկ Ռուսաստանի թիմը երկրում հերոս է դարձել, ընդօրինակելի կերպար երիտասարդների համար:

 

Նույն շարքից