Այսօր՝ հուլիսի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ ձևաչափով է դաշինքը մասնակցելու Երևանի քաղաքապետի ընտրություններին և ով է լինելու քաղաքապետի թեկնածուն, նշեց, որ դեռևս քննարկում չի եղել՝ հավելելով, որ պետք է որոշումը կայացվի միայն քննարկումներից հետո, որը կլինի մոտակա 2 շաբաթների ընթացքում:
Մարուքյանի խոսքերով, Երևանի ավագանիում ամենաակտիվ գործող խմբակցությունը հենց ԵԼՔ-ն է, ինչի համար ինքը շատ հպարտ է. «Տարբերակները շատ են՝ կարելի է ԵԼՔ դաշինքը պահպանել և ընտրություններին մասնակցել ԵԼՔ դաշինքով, կարելի է նաև գնալ առանձին-առանձին»:
ԱԺ պատգամավորի համար նախընտրելի է միասնական ցուցակով մասնակցելը, սակայն քանի դեռ քննարկումներ չկան, հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի. «Նախընտրելի է, որ գոյություն ունեցող ֆորմատը պահպանվի: Դա կախված է բոլորից, քանի որ բոլորս պետք է կոնսենսուսի գանք»:
Ամեն դեպքում Մարուքյանը նշեց, որ անկախ ամեն ինչից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին՝ կլինի դա ԵԼՔ-ի կազմում, թե՝ առանձին՝ բնականաբար ապագայում համագործակցելու տեսլականով: