Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չի կարող ասել, թե ինչպիսի թեկնածու կլինի Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար:
Այսօր՝ հուլիսի 17-ին, Ազատության ուղիղ եթերում Խաժակյանը, պատասխանելով համապատասխան հարցին, նշեց, որ ծանոթ չէ Հայկին. «Նրա գործունեությունը բոլորովին այլ դաշտում է: Միայն կարող եմ ասել, որ այլ դաշտում գործունեությունը դեռևս չի նշանակում, որ մարդ չի կարող արդյունավետ կառավարիչ լինել: Բայց չեմ էլ կարող պնդել»:
Լրագրողի հարցին, թե կընդունի արդյո՞ք Լուսավոր Հայաստանը Մարությանի թեկնածությունը, եթե ընտրություններին ԵԼՔ-ի ուժերը մասնակցեն առանձին և ՔՊ-ն առաջադրի հենց վերջինիս թեկնածությունը, Խաժակյանն ասաց, որ հարցը կքննարկվի, եթե նման կերպ զարգանան իրադարձությունները:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հայկ Մարությանը համարվում է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկը: