Հասարակություն 

Մենք պետք է արժանի լինենք Արամ Մանուկյանին և նրա առաքելությանը. Նիկոլ Փաշինյան

Ի դեմս Արամ Մանուկյանի մենք գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհտեև նրա կյանքը և գործունեությունը նման է ոչ թե մի մարդու գործունեության, ով ծնվեց, ապրեց, մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն և ի վերջո իրագործեց այդ առաքելությունը: Այսօր՝ հուլիսի 17-ին, Արամ Մանուկյանի արձանի բացման արարողութան ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, Մանուկյանի առաքելությունն իսկապես մեծ առաքելություն է եղել՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է, թե թևերդ թուլացած են, ծնկներդ՝ ծալված, ողնաշարդ՝ կոտրված:

«Արամ Մանուկյանը լիովին կատարեց իր առաքելությունը: Նա երբեք ու երբեք չապրեց իր, իր ընտանիքի, իր հարազատների համար: Նա ապրեց իր ժողովրդի համար, պայքարեց իր ժողովրդի համար, հաղթեց իր ժողովրդի համար և մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության արդյունքում՝ ամբողջացնելով իր առաքելությունը: Նա իր առաքելությունը սերմանել է այս հողի մեջ: Մեծ հավանականությամբ նա քայլել է այն վայրով, որտեղ մենք հիմա կանգնած ենք: Մենք ունենք մեր առաքելությունը՝ լինել արժանի Արամ Մանուկյանին, նրա առաքելությանը, ապրել այնպես, որ իրավունք ունենանք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի մոտով անցնելիս նայել նրա աչքերի մեջ ու ասել՝ մենք տեր ենք ձեր առաքելությանը տիար Մանուկյան, Ձեր գործը կիսատ չէ, հայ ժողովուրդը հաղթանակած է հավիտյան: Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք, կեցցեն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»,- նշեց վարչապետը:

Նույն շարքից