Հասարակություն 

Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահը ցանկանում է Հայաստանը տեսանելի դարձնել աշխարհի քարտեզի վրա

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավական հարուստ փորձ ունի ավիացիայի ոլորտում: Ծնվել է Երևանում, ապա ընտանիքի հետ միասին տեղափոխվել Դանիա: Ավիացիայի ոլորտում աշխատել սկսել է  19 տարեկանից. Կոպենհագենի օդանավակայանում ուղևորների գրանցման կետում կրտսեր աշխատակիցներից էր: «Ռուսերեն փաստաթղթեր էի թարգմանում Կոպենհագենի օդանավակայանում, ուղեկցում էի առանց ծնողներ ճամփորդող երեխաներին դեպի օդանավ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Ռևազյանը՝ կատակելով՝ օդանավակայանների հետ կապված ամեն ծակուծուկ գիտի:

Կոպենհագենի օդանավակայանում չորս տարի աշխատելուց հետո Տաթևիկը գրեց իր՝ «Կառավարության ազդեցությունը օդանավակայաններում» թեզը, որում համեմատեց Կոպենհագենի օդանավակայանը «Զվարթնոց» օդանավակայանի հետ:

«Հենց այդ ընթացքում էլ ծանոթացա քաղավիացիայի նախկին պետի՝ Սերգեյ Ավետիսյանի հետ: Իսկ մինչ այդ՝ 2012թ-ին, իմ հրավերով ծրագրի շրջանակներում Հայաստան եկավ շուրջ 30 ուսանող, որի ժամանակ էլ ծանոթացա «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի հետ և օդանավակայանում ուսանողների համար իրականացվեց ճանաչողական այց: Այնուհետև աշխատանքի անցա «Մոմոնդո» գրուպում. Դա ցանց է, որտեղ զբաղվում էի ավիատոմսերի գների համեմատությամբ և որտեղից էլ մեծ փորձ ձեռք բերեցի ավիատոմսերի գների իջեցման, կազմման և այլ հարցերի հետ կապված»,-հավելեց նա:

Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահը Հայաստան եկավ սեպտեմբերին՝ մի հետաքրքիր նախաձեռնությամբ: Նրա շնորհիվ Հայաստանում բացվեց ՏՏ ոլորտում ավիացիայի հետ կապված 2017 թվականի ամենահետաքրքիր ստարտափերից մեկի ինժեներական գրասենյակը:

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ես համագործակցության առաջարկներ արեցի ներկայիս կառավարության անդամներին, ցանկանում էի կիսվել ավիացիայի ոլորտում ունեցած իմ փորձով, բայց աշխատանքի անցնելու ակնկալիք չունեի»,-ասաց Ռևազյանը՝ հավելելով, որ ի սկզբանե համոզված չէր, որ ցանկանում է ՏՏ ոլորտը փոխարինել այս ոլորտով: «Ես ընդհանրապես պետական կառույցներում չեմ աշխատել, միայն համագործակցել եմ: Կարծում էի, որ ոչ դինամիկ աշխատանք է, բայց հետո, երբ եկա, լրիվ ուրիշ տպավորություն ստեղծվեց: Զգացվում է, որ թիմը շատ ուժեղ է: Խնդիրներ շատ կան ոլորտի հետ կապված,  բայց առաջին հայացքից կարող եմ ասել, որ կառույցը շատ լավ է աշխատում»,-ընդգծեց կոմիտեի նախագահը:

Աշխատանքի անցնելուց հետո առաջին քայլը, որ ուզում է անել կոմիտեի նախագահը, Հայաստանը աշխարհի քարտեզի վրա տեսանելի դարձնելն է: «Դրա ամենալավ եղանակներից մեկը Հայաստան հայտնի բլոգերներ հրավիրելն է, ինչը և արդեն նախաձեռնել ենք տուրիզմի կոմիտեի հետ միասին: Երկրորդ կարևորագույն գործը, որ պետք է արվի, համոզել ավիաընկերություններին, գալ Հայաստան»,-նշեց նա:

Տաթևիկ Ռևազյանը չորս լեզվի է տիրապետում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, դանիերեն, հասկանում է շվեդերեն և նորվեգերեն լեզուները: Գրապահարանում ավիացիայի զարգացմանը վերաբերող գրքեր են: Ինչպես ինքն է ասում՝ դա իր հիվանդությունն է:

Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահը փոփոխություններ է պատրաստում կատարել ոչ միայն ավիացիայի ոլորտում, այլև իր նոր աշխատասենյակում: «Ես դեռ այն չեմ ձևափոխել, բայց ցանկանում եմ ավելի վառ և գունեղ դարձնել»,-ընդգծեց Ռևազյանը, ում աշխատասենյակում արդեն տեղ էին գտել աշխարհի քարտեզն ու քաղավիացիայի զարգացման մասին պատմող գրքերը:

Անի Դանիելյան

  • 96
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
    99
    Shares

Related Articles