Քաղաքականություն 

Մեր տարածաշրջանն ունի և՛ բնական աղետների ողբերգական փորձ, և՛ դրանց հետևանքները հաղթահարելու օրինակներ. Մնացականյան

analitik.am

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում մասնակցեց «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձևավորման միջոց» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի համակազմակերպիչներն էին Հայաստանը, Կոլումբիան, Մոնղոլիան, Շվեյցարիան և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը:

Ելույթ ունենալով քննարկմանը՝ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և Աղետների ռիսկերի նվազեցման ՄԱԿ-ի համաշխարհային Սենդայի համաժողովի հռչակագրում ամրագրված առաջնահերթությունների շուրջ Հայաստանի տեսլականն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը: Նախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է ՄԱԿ-ի կողմից ստեղծված այս միջազգային հարթակը, որը հնարավորություն է ընձեռում միմյանց փոխանցելու աղետների ռիսկի նվազեցման ոլորտում երկրների ունեցած փորձառությունն ու լավագույն հմտությունները: «Մեր տարածաշրջանն ունի և՛ բնական աղետների ողբերգական փորձ, և՛ դրանց հետևանքները հաղթահարելու ուղղությամբ գլոբալ և տարածաշրջանային համագործակցության օրինակներ: Մեր երկիրը 30 տարի առաջ ենթարկվեց ավերիչ երկրաշարժի: Ելնելով տարածաշրջանային փորձից՝ գիտենք, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը կարող են, նաև պետք է հանդիսանան վստահության ամրապնդման գործիք` ժողովուրդների և հասարակությունների միջև պատշաճ համագործակցությանը նպաստելու համար»:

Անդրադառնալով հունիսի 26-27-ը Երևանում կայացած Աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմին և ընդունված Երևանյան հռչակագրին՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Հռչակագրի կարևորագույն ուղերձներից մեկը տարածաշրջանային համագործակցության շեշտադրումն է՝ ուղղված աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդմանը, մասնավորապես, տվյալների փոխանակման, հմտությունների ընդլայնման և փորձագիտական գիտելիքների փոխանակման միջոցով: Ավելին, աղետները սահմաններ չեն ճանաչում, հետևաբար, դրանց արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է անդրսահմանային իրական համագործակցություն ծավալել»։

Նախարար Մնացականյանը մասնակիցներին հայտնեց նաև, որ 2017թ. ապրիլին Հայաստանի կառավարությունը հասատատել է Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային նոր ռազմավարություն՝ հիմնված ԱՌԿ կարողությունների գնահատման արդյունքների, Կայուն զարգացման նպատակների և Սենդայի հռչակագրի գերակա ուղղությունների վրա՝ ուրվագծելով աղետների ռիսակայնության նվազման և դիմակայելու կարողության ամրապնդման հիմնական հրամայականները: «Փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը մարդակենտրոն մոտեցումն է. այն միտված է ավելացնելու համայնքների դերը աղետների ռիկսի նվազեցմանն ուղղված գործողություններում»։

Ամփոփելով խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Ցանկանում եմ վերահաստատել միջազգային և տարածաշրջանային համագործակցության կարևորությունն աղետների ռիսկի արդյունավետ նվազեցման գործում: Ես նաև կընդգծեի տարածաշրջանային հարթակների կարևորությունը՝ որպես կենսունակ մեխանիզմի, որը ներգրավում է բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում հանրային-մասնավոր գործընկերության միջոցով»։

Բանախոսների ելույթներին հաջորդեց մեկնաբանությունների և հարցուպատասխանի հատվածը, որտեղ Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց միջոցառման մասնակիցների մի շարք հարցերին։

Նույն շարքից