Հասարակություն 

Պատանի փրկարարները մասնակցում են միջազգային մրցաշարի

analitik.am

ՀՀ ԱԻՆ պատանի հրշեջ-փրկարարների հավաքական թիմը մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Պատանի հրշեջ-փրկարարների 16-րդ միջազգային հավաքին:

Հուլիսի 11-20-ը Բելառուսի Գոմելի մարզում անցկացվող հավաքին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լատվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի և Ուկրաինայի պատանեկան թիմերը:

Բացման արարողությանը ներկա է եղել Բելառուսի ԱԻ նախարար Վլադիմիր Վաշչենկոն և կազմակերպվել է հանդիսավոր համերգ:

Հավաքի նպատակներն են երիտասարդական հրշեջ-փրկարարական կազմակերպությունների միջև միջազգային համագործակցության զարգացումը, կենսագործունեության անվտանգության մշակույթի ուսուցումը, հրշեջ-փրկարարական սպորտաձևերի հանրայնացումը:

Տարբեր երկրներ ներկայացնող թիմերում ընդգրկված են 11-17 տարեկան 10 աղջիկ և տղա: Նրանք մրցելու են «Այցեքարտ», «Հրշեջ փոխանցումավազք», «Պատի թերթ», «Առաջին բժշկական օգնության ցուցաբերում», «Սպորտլանդիա. Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի», «Տուրիստական անցուղի» մարզաձևերում: Հավաքի ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն նաև դաշտային ուսումնավարժություններ, կենսագործունեության անվտանգության վարպետության դասեր, թեմատիկ սեմինարներ և կլոր սեղաններ:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնություն, որին մասնակցում են Երևանի պատանի հրշեջ-փրկարարների մարզական առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը և ՀՀ մարզերի հավաքական թիմերը: Հանրապետական մարզական առաջնության ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած թիմերի հետ անցկացվում են նախապատրաստական մարզումներ՝ պատանի հրշեջ-փրկարարների միջազգային մրցաշարերին Հայաստանը ներկայացնելու համար:

Նույն շարքից