Գրունտի ուժեղ շարժումների կայանները հատուկ դասի սեյսմիկ սարքավորումներ են, որոնք նախատեսված են երկրաշարժերի ժամանակ առանց աղավաղումների երկրի մակերևույթի տատանումները գրանցելու համար: Այդ սարքերը կոչվում են աքսելերոգրաֆներ: Դրանք գրանցում են գետնի արագացումները, որոնց միջոցով գնահատվում է երկրաշարժի ուժգնությունը (ինտենսիվությունը) երկրի մակերևույթին:
Վերջերս ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության գրունտի ուժեղ շարժումների կայանների ցանցը ընդլայնվեց դիտարկման ևս 2 նոր կետով: Նոր SMACH տիպի թվային աքսելերոգրաֆներ են տեղադրվել Ջերմուկ սեյսմիկ և Արաքսավան կայաններում: Դա հնարավոր է եղել իրականացնել Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի կողմից 2017 թվականին անհատույց տրամադրված թվային աքսելերոգրաֆների շնորհիվ:
Արդիականացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան գրունտի ուժեղ շարժման կայանը, որտեղ անալոգային աքսելերոգրաֆը փոխարինվել է SMACH թվային աքսելերոգրաֆով:
Այսօր սեյսմիկ մոնիթորինգ իրականացնող գրունտի ուժեղ շարժումների սարքերի թիվը հասել է քսանութի, որից քսանմեկը թվային կայաններն են, իսկ յոթը` դեռևս անալոգային: