Այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր հնարավոր թեկնածության մասին, նշեց, որ այդ հարցը երևի թե կքննարկվի. «Չեմ ասի, որ կհրաժարվեմ: Կքննարկենք այդ հարցը, առաջիկա օրերին կասենք»:
ԱԱԾ տնօրենի խոսքերով, ինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն ցանկություն ունի լինել ՀՖՖ նախագահ:
Վանեցյանը, պատասխանելով հարցին, թե կարելի է ասել արդյո՞ք, որ Երևանում Լեգենդների խաղին վարչապետ Փաշինյանի հետ իր ներկայությունն առաջին քայլն է դեպի ՀՖՖ նախագահի պաշտոն, հայտարարեց, որ ուղղակի ֆուտբոլ սիրում է, և երբ իմացել է, որ վարչապետը ներկա է լինելու, ինքն էլ է որոշել գնալ:
Ինչ վերաբերում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, Վանեցյանը նշեց, որ երկրպագում էր հենց հաղթողին՝ Ֆրանսիայի հավաքականին:
ԱԱԾ տնօրենը նաև կոչ արեց «Շիրակին», «Փյունիկին» և մյուս թիմերին, որոնք տատանվում են, մասնակցել առաջնությանը՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ են գտնվում ֆեդերացիայի հետ:
Վանեցյանը խոսեց նաև ՀՖՖ գործկոմի կազմի մասին՝ հայտարարելով, որ այն ամբողջությամբ փոխվելու է, եթե ինքը դառնա ֆեդերացիայի նախագահ: