Առողջապահություն Հասարակություն 

Քաղաքական գործընթացներից զերծ և փոփոխվելու պատրաստ. նախարարի հորդորը` երևանյան բուժհաստատություններին

analitik.am

Բուժհիմնարկները որեւէ կերպ չպետք է ներքաշված լինեն քաղաքական գործընթացների մեջ, ինչպես եղել է ավանդաբար`երեւանյան բուժհաստատությունների, մասնավորապես, առաջնային օղակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շեշտել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քաղաքական հարցերը պետք է բացառել` անկախ որեւէ քաղաքական ուժի անուն-ազգանունից: Դա իրավունքների խախտում է նախ այն դեպքում, երբ ձեզ են պարտադրում, ապա նաեւ այն դեպքում, երբ դուք եք պարտադրում: Հղում եմ անում ձեր ողջամտությանը: Հասկանալի է, որ հանգամանքներն են շատ դեպքերում եղել այդպիսին` ընտրությունների համար անուններ հավաքել եւ այլն: Մենք էլ մեր մասով պետք է կանխարգելենք նման երեւույթները»,- շեշտել է նախարար Թորոսյանը:

Միաժամանակ շեշտվել է առաջնային օղակի դերի եւ հեղինակության բարձրացման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Նախարարը փոխանցել է, որ եկող տարի առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումներն ավելանալու են, եւ այդ միջոցների ամենամեծ մասն ուղղվելու է հենց առաջնային օղակին, 10 մլրդ դրամից` շուրջ 6 մլրդ դրամը: Միաժամանակ, առաջնային օղակում պետք է անցում կատարվի կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ շտապօգնության ավտոպարկի թարմացմանը եւ ծառայությունների բարելավմանը, պոլիկլինիկաներում զինակոչիկների ստուգումների գործընթացին առնչվող եւ մի շարք այլ հարցեր: «Ամենատարբեր փոփոխությունների հարցում կողմ եմ մասնակցային որոշումների կայացմանը»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը:

Նույն շարքից