Հայաստան Քաղաքականություն 

Դանիել Իոաննիսյանի պահվածքը՝ անպարկեշտություն. ՌԱԿ

analitik.am

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը ընդառաջելով ՀՀ վարչապետի հունիսի 19-ի որոշմամբ կազմված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հայտարարությանը` պաշտոնական նամակով դիմել է ՀՀ փոխվարչապետ եւ հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` տեղեկացնելով քննարկումներին որպես արտախորհրդարանական ուժ մասնակցելու իր պատրաստակամության մասին եւ հատկապես շեշտել իր շահագրգիռ մոտեցումը տվյալ հարցի նկատմամբ եւ, միաժամանակ, ընդգծել, որ ՌԱԿ-ը ընտրական օրենսդրության վերաբերյալ ունի մի շարք ուրույն առաջարկներ` պատրաստ՝ քննարկելու դրանք մյուս կազմակերպությունների հետ։

Անցել է արդեն շուրջ 4 շաբաթ, բայց հանձնաժղովը ցարդ որեւէ կերպ չի արձագանքել հիշյալ նամակին, ինչը պետք է որակել ոչ միայն անբարեկրթություն, այլեւ՝ անսկզբունքայնություն։ Իսկ հանձնաժողովի համակարգող նշանակված Դանիել Իոաննիսյանի պահվածքը՝ անպարկեշտություն։

Արդարեւ, մամուլից մեզ հայտնի է դառնում, որ հանձնաժողովը գումարել եւ գումարում է մի շարք նիստեր՝ մասնակցությամբ նաեւ արտախորհրդարանական հատուկենտ ուժերի։ Սակայն այդ բացակայությունները չեն խանգարում պրն Իոննիսյանին իր հրապարակային բազմաթիվ ելույթներում հայտարարելու¸ որ քննարկումներն ընթանում են քաղաքական դաշտում գործող խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ակտիվ մասնակցությամբ¸ ստեղծելով թյուր տպավորություն¸ թե օրենսդրական փոփոխություններով օրինագիծը պատրաստվում է համընդհանուր ջանքերով։

Այս բոլորը ցույց են տալիս¸ որ այնպիսի օրինագծի մշակման գործը¸ որն այնքան էական նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման եւ Նոր Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար¸ առաջ է տարվում հին եւ հնացած մոտեցումներով¸ այսինքն ընտրովի կողմնակալությամբ¸ ինչը խոսում է նրա մասին¸ որ տվյալ անձը¸ օգտվելով իրեն տրված լիազորություններից¸ չի ցանկանում ներգրավել արտախորհրդարանական այն ուժերին¸ որոնք ասելիք ունեն տվյալ հարցում։

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նույն շարքից