Բարի օր Հասարակություն 

ԱՄՆ դեսպանությունը Հայաստան է հրավիրում բասկետբոլի աստղերին՝ անցկացնելու բասկետբոլի ու առաջնորդության վերաբերյալ ուսումնական ճամբարներ

analitik.am

Սերը սպորտի հանդեպ բնորոշ է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Հայաստանի համար, և Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, սպորտային դիվանագիտության ոգով, Հայաստան էր հրավիրել պրոֆեսիոնալ բասկետբոլի երկու լեգենդների՝ Ռուտի Բոլտոնին և Շարի Սեմին, ովքեր այստեղ վարեցին մի շարք պարապմունքներ ու ուսումնական ճամբարներ՝ օգնելու բասկետբոլով զբաղվող հայ երիտասարդներին ու մարզիչներին կատարելագործել իրենց խաղային և առաջնորդման հմտությունները:

Երկու աստղերն էլ Բասկետբոլի կանանց ազգային ասոցիացիայի՝ WNBA-ի խաղացողներ են ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլի լիգայից:

Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Ռուտի Բոլտոնը ամենաշատ պարգևների արժանացած կին մարզիկներից մեկն է աշխարհում. նա օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր է և 1997թ.-ից մինչև 2004թ. եղել է Սակրամենտո Մոնարքս  թիմի առաջատար խաղացողը: Ռուտի Բոլտոնը նաև ծառայել է ԱՄՆ ցամաքային ուժերի պահեստազորում, ունի լեյտենանտի կոչում: Նա նաև հեղինակել է մի շարք գրքեր, որտեղ իր օրինակով փորձում է ոգեշնչել ընթերցողներին:

Շարի Սեմը խաղացել է կանանց լիգայի մի շարք թիմերում՝ Օռլանդո Միրըքլ, Մայամի Սոլ, Մինեսոթա Լինքս, Սիէթլ Սթորմ, Շարլոթ Սթինգ, Ինդիանա ֆեվեր, և Դիթրոյթ Շոք:  Նրա խաղի շնորհիվ այս թիմերից շատերը հասել են եզրափակիչ մրցաշարեր ու առաջնության հաղթողներ դարձել: Նա համարվում է WNBA-ի բոլոր ժամանակների աստղ և լավագույն խաղացողների հիսունյակում է գտնվում մի շարք անվանակարգերում: Ոչ հեռու անցյալում նա Իսթերն Իլինոյս համալսարանի բասկետբոլային թիմի մարզիչի օգնականն էր:

Հայաստանում գտնվելու ընթացքում այս երկու մարզիկները մարզային մի քանի համայնքներում պարապմունքներ անցկացրեցին հայ պատանիների ու աղջիկների հետ՝ օգնելով կատարելագործել խաղային հմտությունները: Նրանք նաև սովորեցնում էին, թե ինչպես կարող են մարզիկները ավելի մոտիվացված լինել, ավելի բարձր ինքնագնահատական ունենալ ու հորդորում էին նրանց լինել առաջնորդ իրենց թիմում, համայնքում և շրջապատում:

Բացի երեխաների հետ աշխատանքից, բասկետբոլի ամերիկյան լեգենդները նաև վարպետության դասեր անցկացրեցին հայ մարզիչների համար և ներկայացրեցին իրենց փորձն այն մասին, թե ինչպես են կարող են սպորտն օգտագործել ի բարօրություն համայնքի:

Ռուտի Բոլտոնի և Շարի Սեմի այցը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության կողմից ԱՄՆ պետքարտուղարության Սպորտի դեսպանների ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է տալիս ամերիկացի մարզիկներին մեկնել տարբեր երկրներ և մարզական պարապմունքներ անցկացնել երիտասարդների ու մարզիչների հետ, մասնակցել համայնքային միջոցառումներին և երկխոսության սկսել երիտասարդների հետ առաջնորդ լինելու և բազմազանությունը հարգելու կարևորության վերաբերյալ:

 

 

Նույն շարքից