Հասարակություն 

Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող «Անդրանիկ» սկաուտական ճամբարի 70 հայորդիների, որոնք Հայաստան են ժամանել Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Վրաստանից:

Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ ճամբարի ղեկավար Ռայմոնդ Հարությունյանն անդրադարձավ ճամբարի հայրենանվեր գործունեությանն ու առաքելությանը, ներկայացրեց ճամբարը Հայաստանում կազմակերպելու նպատակը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով ճամբարի մասնակիցներին, այս առիթով իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ-ին նման ազգօգուտ նախաձեռնություն կյանքի կոչելու համար:

Վեհափառ Հայրապետը կարևորեց սկաուտական ճամբարային հավաքի անցկացումը Հայաստանում, որով տարբեր երկրներից ժամանած պատանի հայորդիներին լավագույն հնարավորությունն է ընձեռնվում միմյանց ճանաչելու և հայրենիքի սրբություններին հաղորդակցվելու:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ այս մեկտեղումը հայրենիքում առավել կզորացնի նրանց հոգիներում հայրենասիրության զգացումը և նախանձախնդրության ոգին, ինչպես նաև կամրապնդի հզոր ու լուսավոր Հայաստան կերտելու նրանց գիտակցությունը:

Նորին Սրբությունը հորդորեց պատանի սկաուտներին խանդավառված ու ոգեշնչված բիբլիական Արարատով և հայրենյաց սրբություներով իրենց վերադարձին նորանոր գիտելիքներ ամբարել և դրանք ի սպաս դնել համայնքային կյանքի զորացմանն ու հայրենաշինության սրբազան գործին:

Գարեգին Երկրորդ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց սկաուտների ծնողներին ու մանկավարժներին՝ հայրենասիրական ոգու և հայեցի դաստիարակության գործում ունեցած անուրանալի դերակատարության համար:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև սկաուտների հարցերին, որոնք վերաբերում էին Աստվածաշնչին, Հայոց Եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը:

Հանդիպման ընթացքում «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցները ուրախություն պարգևեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կատարելով «Էրեբունի-Երևան» և «Գետաշեն» երգերը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

  • 70
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
    74
    Shares

Related Articles