Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Երկրում գաղջ մթնոլորտ է. Արարատ Միրզոյանի այցն ԱՄՆ «մեղրամի՞ս» էր, թե՞ գործուղում

analitik.am

Հուլիսի 22-ին, սոցիալական հարթակում թեժ քննարկում սկսվեց Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցի շուրջ: Նախ՝ այցին անդրադարձավ The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը, ով ՖԲ գրառում էր կատարել՝ գրելով, որ ոչ ոք չի հասկացել  ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած  այցի ոչ էությունը, ո՛չ էլ օրակարգի բովանդակությունը:

Գալստյանը նշել էր, որ Արարատ Միրզոյանը բարձր մակարդակի ոչ մի լուրջ հանդիպում չի անցկացրել՝ ընգծելով, որ Մայք Պոմպեոյի մակարդակի բարձր նշաձողը, ում հետ ավելի վաղ հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանը, Միրզոյանը իջեցրեց մինչև արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն չկրող Ստորին պալատի միջին օղակի կոնգրեսականների մակարդակ: Այնուհետև, նա անդրադարձավ այն խայտառակությանը, երբ Միրզոյանը արտաքին քաղաքականության վրա ոչ մի ազդեցություն չունեցող կոնգրեսականների հանդիպման ժամանակ առաջարկություն արեց՝ կապված ԱՄՆ նախագահ Թրամփի ու Փաշինյանի՝ ՄԱԿ-ի տիրույթներում հանդիպման անհրաժեշտության հետ:

Գալստանը բերեց հիմնավորումներ, թե ինչու է նման պահվածքն անընդունելի՝  օրենսդիր համակարգի նկատմամբ վիրավորանք, քանի որ կոնգրեսականները նախագահի քարտուղարները չեն, և նրանք չեն կազմակերպում վերջինի հետ հանդիպումները: Դեմոկրատական կուսակցությանը հասցված վիրավորանքը: Կենտրոնում նստած էր հայկական շահերի վաղեմի լոբբիստ Ֆրենք Փելոունը, որը ոչ թե պարզապես Թրամփի կուսակցական հակառակորդն է, այլև նրա անձնական թշնամին: Գալստյանը նաև հիշեցրեց, որ ՄԱԿ-ի շրջանակում Թրամփին յուրաքանչյուրը կարող է տեսնել, դրա համար մեծ ջանքեր պետք չեն, առավել ևս՝ դրա մասին պետք չէ խոսել կոնգրեսականների հետ, որոնք այդ կազմակերպության հետ ոչ մի ինստիտուցիոնալ առնչություն չունեն:

Գալստյանը նաև նշել էր, որ խոսել է  Ամերիկայում իմ գործընկերների և մի շատ մտերիմ ընկերոջ հետ, որն ԱՄՆ Սենատում ազդեցիկ հանրապետական գործչի աջ ձեռքն է, ովքեր հայտնել էին, որ ոչ ոք այդպես էլ չի հասկացել ո՛չ այցի էությունը, ո՛չ էլ օրակարգի բովանդակությունը:

Նշենք, որ ավելի ուծ Արեգ Գալստյանը հեռացրել իր ՖԲ գրառումը:

Արեգ Գալստյանի այս հարցադրումներից հետո ՖԲ գրառում կատարեց « ԱդեկվաԴ» նախագծի համահեղինակ Նարեկ Մալյանը` տեղադրելով հետևյալ լուսանկարը.

«Մինչ վերլուծաբանները փորձում են հասկանալ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի իմաստը և այդ այցի հասցրած վնասները տասնյակ տարիներով կառուցած հայ-ամերիկյան հարաբերություններին, պարզվում է իրականում դա առաջին փոխվարչապետի երկրորդ մեղրամիսն էր։ Հաշվի առնելով փոխվարչապետի տիկնոջ (լուսանկարում) հիպերակտիվությունը կարելի է ենթադրել, որ այս ընտանեկան վոյաժը շարունակական բնույթ է կրելու։ Ի դեպ արժեր պարզել թե փոխվարչապետի կնոջ ԱՄՆ զբոսանքը որքան է նստել ՀՀ հարկատուների վրա։ Ի վերջո եթե եկեղեցին անջատվեց պետությունից, ապա հույս կա, որ նույնը կլինի և առաջին փոխվարչապետի տիկնոջ պարագայում»։

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որևէ կերպ չանդրադարձավ Արեգ Գալստյանի հնչեցրած հարցադրումներին, սակայն իր ՖԲ էջում պատասխանեց Նարեկ Մալյանին՝ կատարելով հետևյալ գրառումը. « Տեղեկացնեմ, որ կնոջս "զբոսանքը ԱՄՆ" եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար

Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը

Նախկին տխրահռչակ ոստիկանապետի՝ թերևս է՛լ ավելի տխրահռչակ աշխատակից սույն երիտասարդին կհորդորեի իր քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»։

Արարատ Միրզոյանի գրառմանը հաջորդեցին ՖԲ մի շարք օգտատերերի՝ հիմնականում ֆեյքերի, հայհոյանքներով և վիրավորանքներով հագեցած ստատուսներն ու մեկնաբանություններն՝ ուղղված Նարեկ Մալյանին: Այս ամբողջ պատմության մեջ կար մի շատ կարևոր փաստ չարժանացավ անհրաժեշտ չափով ուշադրության՝ Նարեկ Մալյանն իր լայվերից մեկում հայտարարեց, որ ԱՄՆ-ն «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում Հայաստանին չի ներառել՝ հրապարակելով Մայք Պոմպեոյի սույն թվականի մայիսի 17-ին թվագրված նամակը, որտեղ ասվում էր այն մասին, որ քննարկվում է «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում Հայաստանին ներառելու հարցը:

Նարեկ Մալյանի դեմ սկսվեց քարոզարշավ՝ մերձկառավարական օգտատերերը, ֆեյքերը և այլոք սկսեցին սպառնալիքներ, հայհոյանքներ և վիրավորանքներ հնչեցնել Մալյանի ուղղությամբ: Այս անառողջ մթնոլորտի մասին Նարեկ Մալյանը տեղեկացրեց  ԶԼՄ-ներին՝ հրապարակելով փաստեր առ այն, որ կառավարությանն ուղղված քննադատությանը հաջորդում են սպառնալիքներ, հայհոյանքներ, վիրավորանքներ օգտատերերի կողմից, ովքեր սերտ կապեր ունեն նոր կառավարության անդամների հետ:

Ի դեպ, Սեթ Պողոսյանն այն նույն անձն է, ով հրապարակել էր իր և Analitik.am-ի լրագրողի միջև ամիսներ առաջ բոլորովին այլ թեմայով տեղի ունեցած անձնական նամակագրությունը՝ ներկայացնելով այն այլ թեմայի շուրջ:

Նշենք, որ այս հոդվածը հրապարակվել էր Analitik.am-ում երեկ՝ հուլիսի 23-ին, սակայն  հոդվածի  հրապարակումից  մոտ մեկ ու կես ժամ անց Analitik.am-ը ենթարկվեց հարձակման, կայքը կոտրեցին, ինչի արդյունքում մենք մոտ 6 ժամ հասանելի չէինք մեր ընթերցողներին: Կայքը վերականգնելուց հետո հուլիսի 23-ին հրապարակված բոլոր նյութերը ջնջվել էին և հնարավոր չեղավ դրանք վերականգնել:

Ժամանակին հայտնի դարձած  «երկրում գաղջ մթնոլորտ է տիրում» արտահայտությունն էլ, կարծես թե, ակտուալ է դառնում ներկայիս կառավարության օրոք:

Ի գիտություն, տեղեկացնենք, որ մենք հետևողական ենք լինելու այս թեմայի զարգացումների նկատմամբ: Նշենք նաև, որ հարցում ենք կատարել ՀՀ կառավարություն՝ Արարատ Միրզոյանի ԱՄն կատարած ծախսերի վերաբերյալ,հուսանք, որ կառավարությունը կպատասխանի մեր հարցերին և կներկայացնի մանրամասն տեղեկություններ այցի ժամանակ կատարված ծախսերի մասով:

Ամփոփոելով՝ որպես  ԶԼՄ մեզ համար անընդունելի են յուրաքանչյուր կերպ դրսևորվող խոսքի ազատության նպատմամբ ճնշումները՝ լինի դա սպառնալիքի, հայհոյանքի, կայք կոտրելու, թե այլ ձևով: Հետևապես, կոչ ենք անում բոլորին զերծ մնալ նման հակաօրինական և հակապետական գործելաոճից՝ հիշեցնելով ևս մեկ անգամ, որ ՀՀ-ն ժողովրդավարական, իրավական պետություն է: Կառավարությանն էլ հիշեցնում ենք, որ իրենց իշխանություն են տվել բացառապես հեղափոխությունն իրականացրած քաղաքացիները, ուստի մաքսիմալ թափանցիկ աշխատելաոճը, քննադատություններ լսելու և ընդունելու կարողությունը, սեփական սխալները գիտակցելու և շտկելու ունակությունը նրանց պարտականությունն է:

Նույն շարքից