Հայաստան Քաղաքականություն 

ՀՅԴ-ն դեռ չգիտի՝ կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, թե՝ ոչ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին պատրաստվում են արդյո՞ք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, հայտարարեց՝ երբ որոշվի այդ ընտրությունների ժամկետները, հստակություն լինի, իրենք կքննարկեն հարցը և որոշում կկայացնեն:

Ռուստամյանի խոսքերով, որևէ խոչընդոտ չկա, որ իրենց քաղաքական ուժը մտնի պայքարի մեջ, դա չի բացառվում, սակայն հարցի լուծումը պետք է տա Գերագույն մարմինը, որը պետք է որոշում կայացնի նաև մասնակցության ձևաչափի մասին:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի համար  ՀՅԴ հավանական թեկնածուին, Ռուստամյանն ասաց, որ այդ բոլոր հարցերը պետք է քննարկվեն, ինքը չի կարող իր անձնական կարծիքն ասել և կարող է բարձրաձայնել միայն կուսակցության որոշումը:

Ավելի վաղ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են ԲՀԿ-ն, Երկիր Ծիրանին, ինչպես նաև ԵԼՔ-ի մաս կազմող ուժերը, որոնք դեռ չեն որոշել, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին՝ միասին, թե՝ առանձին:

Նույն շարքից