Հայաստան Քաղաքականություն 

Ընտրություններին մասնակցող ուժը պետք է հրապարակի հնարավոր կառավարության կազմը

analitik.am

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը հուլիսի 24-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

ԱԺ խմբակցությունները քննարկել են ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը, ինչպես նաեւ ամփոփել նախորդ նիստերում հնչած առաջարկները:

Խոսրով Հարությունյանն առաջարկել է Ընտրական օրենսգրքում ամրագրել դրույթ, համաձայն որի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունը պարտավոր է հրապարակել նաեւ իր կառավարության կազմը: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ առաջարկվող համակարգը նոր որակ եւ բովանդակություն կհաղորդի նախընտրական բանավեճերին. եթե հայտնի են կուսակցությունների ապագա կառավարությունների կազմերը, ապա լրատվամիջոցները ստանում են կատարյալ հնարավորություն՝ կազմակերպելու եթերում համապատասխան նախարարների թեկնածուների հեռուստաբանավեճեր՝ օգտագործելով սոցիալական ցանցերի հնարավորությունները եւս:

Դավիթ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանի առաջարկի մասին խոսելով, նշել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձեւով կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, կառավարության կառուցվածքը եւ կազմը՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար: ԿԸՀ-ն այդ նյութերը տեղադրելու է կայքում: Աշխատանքային խումբը որոշել է առաջարկին անդրադառնալ հաջորդ նիստում՝ այն խմբակցություններում քննարկելուց հետո:

Աշխատանքային խմբում քննարկվել եւ ամփոփվել են նախորդ նիստերում ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ ԱԺ խմբակցությունների առաջարկները, որոնց մի մասի հարցում համաձայնություն է ձեռք բերվել, իսկ մյուս մասը հավելյալ քննարկվելու է:

Որոշվել է բոլոր առաջարկները վերջնական ամփոփել եւ ուղարկել ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Հաջորդ նիստում կքննարկվեն արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկները:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին. այն կնախագահի ՀՀԿ ներկայացուցիչը:

Նույն շարքից