«Լինել հայոց բանակի սպա նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործին, նշանակում է կյանքը նվիրել հայրենակիցների խաղաղ կյանքի, հանգիստ քնի, հանդարտ ապրելու գործին»,- այսօր՝ հուլիսի 25-ին ռազմական հաստատությունների շրջանավարտների վկայագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ առաքելության ժամանակ զինծառայողները զոհաբերում են իրենց մայրերի, կանանց, հարազատների հանգիստ կյանքը. «Նրանք շատ հաճախ հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերում են այն ժամանակը, որը պետք է անցկացնեին իրենց ընտանիքների, երեխաների, ընկերների հետ»:
Վարչապետը վստահություն հայտնեց, որ կոչումներ ստացողներից յուրաքանչյուրին դեպի սպայական կոչում ու ծառայություն տանում է առաքելության զգացումը, առաքելության գիտակցումը. «Վաղը հայոց բանակն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր երեկ, որովհետև վաղը հայոց բանակը ձեզնից շատերին ունենալու է որպես ծառայող սպա, հրամանատար, մինչդեռ երեկ հայոց բանակն այդ կարգավիճակում չուներ ձեզ: Նաև բարձրաստիճան սպաներ վաղը նոր նշանակումներ են ստանալու, ավելի բարձր կարգավիճակ են ստանալու: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ, նոր կարգավիճակով ինչ-որ բան փոխելու է բանակում: Կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչն եք փոխում բանակում և ինչ ուղղությամբ»:
Փաշինյանը հույս հայտնեց, որ կոչումներ ստացողները կանեն իրենցից կախված ամեն ինչ՝ գիտակցելով, որ հայրենիքի պաշտպանության ապագան կախված է հենց իրենցից, մեկ սպայից մեկ մարդուց. «Ձեզնից յուրաքանչյուրը կարող է շատ բան փոխել: Ես հույս ունեմ, որ դուք ձգտում եք կատարյալ ծառայությանը: Լինել հրամանատար, նշանակում է լինել պատասխանատու ուրիշների առաջ և ուրիշների համար, նշանակում է ունենալ կամք և վճռականություն: Սա ծանր և հզոր պատասխանատվություն է, որը կարող են կրել ուժեղ մարդիկ: Ես ձեր հայացքներում տեսնում եմ, որ դուք ունեք այդ կամքը՝ հաղթանակ բերելու մեր ժողովրդին, մեր պետությանը մեր հայրենիքին: Ես ձեր աչքերի և կեցվածքի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները: Ձեզ փառավոր ծառայություն եմ մաղթում հայոց բանակում: Հայ ժողովուրդը հաղթել է և որևէ մեկը չի կարող և չի համարձակվի խլել այդ հաղթանակը: Դուք եք այդ հաղթանակի համար մեկ պաշտպանը: Եվ ուրեմն, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայոց բանակը, կեցցե ՀՀ Զինված ուժերը, կեցցեն հայոց փառապանծ զինվորներն ու սպաները»: