Այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց Քարվաճառում օրեր առաջ տեղի ունեցած զինծառայողի մահվան ելքով միջադեպի մասին՝ հայտարարելով, որ այն միջանձնային հարաբերությունների արդյունքում է եղել:
Տոնոյանը նշեց, որ կրակող զինծառայողը եղել է ալկոհոլի ազդեցության տակ. «Պետք է գիտակցության վրա աշխատել, որպեսզի խմիչքն առաջնագծում չհայտնվի պայմանագրայինների մոտ: Համապատասխան քայլերն իրականացվում են և ՌՈ-ի կողմից, և հրամանատարության: Բացի դրանից, պետք է բարձրացվի կարգապահությունը»:
Նախարարը նշեց, որ բոլոր դեպքերով անմիջապես քրեական գործ է հարուցվում, ընթանում է նախաքննություն, ապա սկսվում է դատական գործընթաց և կոնկրետ ժամանակահատվածում ստացվում է N պատասխան. «Ազատումներ են լինում և սպայական կազմից, և հրամանատարական կազմից: Անհոգ եղեք, անկարգապահության, քրեական դրսևորումների, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի առումով մեծ աշխատանք է տարվում»: